Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը տեղափոխվել է Արցախ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ ապրիլի 13-ին Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել է Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ, նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:

Ըստ այդմ՝ բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:

Տեղեկացնենք, որ պատերազմի հետևանքով Արցախի ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու: Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են Արցախին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:

Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490 հազար դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:

Տեսանյութեր

Լրահոս