«Լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում». պատմում են վիրավոր զինվորները. «Առավոտ»

Արցախում 21 ամսվա ժամկետային զինծառայող Համբարձում Վարդանովն է «Առավոտին» պատմել է.

«Հակառակորդը միանգամից եկավ, միանգամից պատերազմը սկսվեց։ Առաջին վայրկյանից նռնակներ էին նետում, մեր զինվորներից մեկը լուրջ վնասվածք, ստացավ, ոտքը կորցրեց, մինչև իջեցրեցինք կացարան, աոաջին բուժօգնությունը ցույց տվեցինք, ու երբ հասկացանք, որ հակառակորդը մեր տարածքում է՝ խրամատում, չկարողացանք գնալ մեր տեղը, որտեղից, որ պիտի կռիվ տայինք։ Սկսեցինք մեր կացարանի մոտից հակառակորդի հետ կռվել։ Իրենք բարձր տեղ էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Իրենք էլ հսկում էին բոլոր ճանապարհները, ոչ մեկ չէր կարողանում զինամթերք բերել։ Հետո մեր սպաները եկան, վիրավորներից մեկին հանեցին դիրքից, ու էլ ոչ մեկ չէր կարողանում դիրքին մոտ գնալ, մենք որքան կարողանում՝ կռվում էինք»,– պատմում է Համբարձումը։

Զինվորն ասում է՝ հակառակորդը զինամթերքի պակաս չուներ, անընդհատ կրակում էր, անընդհատ նռնակ նետում, ականանետում, ու երկար ժամանակ այդ ամենը չէր վերջանում, իսկ մեր զինվորների մոտ զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էին հնարավորինս քիչ կրակել, բայց դիպուկ ու արժանի հակահարված տալ։ Բայց եկավ մի պահ, որ մերոնց փամփուշտները վերջացան։ Համբարձումի զինվոր ընկերները զոհվել էին, վիրավորներ էլ կային. «7 հոգով էինք մնացել դիրքում, մեկ էլ լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում, մեր մի քանի ընկերների մասին էլ տեղեկություն չիմացանք՝ զոհվե՞լ են, չգիտեմ, նրանք անշարժ պառկած էին»։

Համբարձումը պատմում է, որ հակառակորդին 100-150 մետրի վրա է տեսել, նրանք երիտասարդ զինծառայողներ չէին. «Թուրքի դիակներ էլ տեսա, բոլորն էլ մեծ մարդիկ էին»։

Մինչ պատերազմական գործողությունները, ինչպես պատմում է Համբարձումը, հակառակորդը պարբերաբար անօդաչաներ էր ուղարկում՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային։ Զինվորն ասում է. «Շատ պրոֆեսիոնալ սարքեր էին, որ կրակում էինք՝ չէր հասնում դրանց»։ Հետո շարունակում է. «Մենք անհամաչափ սպառազինությամբ էինք կռվում»։

Պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանն ասել է. «Նկարագրելն անհնար է, թե ոնց էին խփում նրանք, անընդհատ, անդադար խփում էին։ Հակառակորդի արկը պայթեց մեզ վրա, մենք վիրավորվեցինք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս