Բաժիններ՝

Ինչպես են մարզվում առաջին գիծ մեկնել պատրաստվող կամավորները

Տղերքն են, որ հերթագրվել են և պատրաստվում են կամավոր մեկնել Արցախ՝ առաջին գիծ։ Ավելի ճիշտ կլինի ասել, այդ տղերքի մի փոքր մասն են։

«Դուխները» հազար է, տրամադրությունը՝ բարձր ու մարտական։ Բայց լուրջ են ու համակ ուշադրություն դարձած լսում են հրահանգիչներին։ Սահման մեկնել պատրասվող տղերքին մարզում է Պրակտիկ հրաձգության ֆեդերացիան։

Ապրիլի 2-ից սկսած՝ այստեղ հերթով պարապմունքներ են անցկացվում տարբեր վարչական շրջանների կամավորական խմբերի համար՝ սկսած ամենատարրական սկզբնական գիտելիքներից, զենք քանդել-հավաքելուց, մինչև պրակտիկ հրաձգության հմտություններ։

Մարզվողների մեջ կան թե՛ երիտասարդներ (անգամ պատանիներ), թե՛ տարիքով մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին։

Կարդացեք նաև

Ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գևորգյանը պարզաբանում է, որ ազատամարտիկների մեջ կան մարդիկ, ովքեր 20 տարուց ավելի զենք չեն բռնել։ Առաջին գիծ մեկնելուց առաջ նրանց պետք է նորմալ «մարզավիճակի» բերել։ Բացի այդ, սովորեցնում են բաներ, որ նրանք նախկինում էլ չեն իմացել։ Պրակտիկ հրաձգությունը պարզապես անշարժ դիրքից թիրախին կրակել չէ. այստեղ ամեն ինչ առավելագույնս մոտեցված է իրական մարտական պայմաններին, և դիպուկությունից բացի կարևոր դեր է խաղում արագությունը, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

Ֆեդերացիան գործում է 2012 թվականից, պարապմունքներ միշտ էլ անցկացվել են՝ այդ թվում ուժային կառույցների համար։ Սակայն վերջին օրերին շեշտը դրվել է հենց կամավորականների վրա։

Արտյոմ Գևորգյանը, ով Արցախյան հերոսամարտի հերոս Սամվել Գևորգյանի որդին է (զոհվել է Մարտակերտում), ասում է, որ սա պարզապես մարզական հետաքրքրություն չէ, այլ գործընթաց, որը թույլ է տալիս ունենալ պատրաստված զինվոր և մարտունակ զինուժ. «Մեր դասընթացն անցած յուրաքանչյուր ոք կարող է շատ արագ վնասազերծել մի քանի հակառակորդի։ Միշտ ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու կարողանանք դուրս գալ նվազագույն մարդկային և նյութական կորուստներով։ Այն, ինչ հիմա անում ենք, հենց այդ նպատակին է ուղղված»։

Ասում է, որ «տանջում են» կամավորականներին, վազեցնում, հոգնեցնում, ու այդ ամենից հետո ստիպում կրակել… դիպուկ։ Որպեսզի առաջին գիծ գնացողը ամեն տեսակ ծանրաբեռնվածության պատրաստ լինի։ Ոչ ոք չի տրտնջում։ Բոլորն ուշադիր լսում են պրոֆեսիոնալ հրահանգիչներին, որովհետև հասկանում են՝ դրանից կարող է կախված լինել ոչ միայն իրենց, այլ ուրիշների կյանքը։

Տա Աստված, հմտությունները մարտում օգտագործելու անհրաժեշտություն այլևս չլինի։ Սակայն պատրաստ լինել միշտ է պետք։

0507 0508 0509 IMG_1971 IMG_1974 IMG_1976 IMG_1979

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս