«50-100 հոգու կարող ենք աշխատանքի ընդունել, միջին աշխատավարձը 200 հազար դրամ է»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելեց Նոր Հաճըն քաղաքում գործող ադամանդագործական ընկերություններ: «Դայմոթեք» ընկերությունում նա շրջեց արտադրամասում, ծանոթացավ աշխատողների աշխատանքին: «Դայմոթեք» ընկերությունն արտասահմանից հումքը բերում է Հայաստան, վերամշակում ու ադամանդներ է արտահանում:
Ընկերության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Դայմոթեքն» այս պահին 100-ից ավելի աշխատակից ունի, սակայն հիմա էլ նոր մասնագետների կարիք ունեն: «50-100 հոգու կարող ենք աշխատանքի ընդունել, միջին աշխատավարձը 200 հազար դրամ է»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Սա նշանակում է՝ Հայաստանի միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ են տրամադրում, հետևաբար՝ պետք է փորձենք մասնագետներ գտնել և առաջարկել»:
Է. Հովհաննիսյանի խոսքով՝ ամսական արտադրվում է 3 հազարից մինչև 7 հազար կարատ ադամանդ. «Արտահանում ենք հիմնականում Բելգիա, ԱՄԷ, ՌԴ: Հայկական շուկան դեռևս փոքր է, հիմնականում զբաղվում ենք արտահանմամբ: Ներքին շուկայում չենք վաճառում»:
Իսկ նախարարի խոսքով՝ Հայաստանում մշակվող ադամանդը մրցունակ է միջազգային շուկայում. «Բայց մենք միայն չպետք է վերամշակման մասին մտածենք: Բրենդինգի և մարքետինգի ուղղությամբ լուրջ աշխատանքներ կան անելու, բայց նաև վերապատրաստումների, և Հայաստանը՝ որպես ադամանդի իրացման հարթակ ստեղծելու հնարավորությունները պետք է ուսումնասիրենք, որովհետև դրանով մենք կմտնենք ադամանդների շրջանառության միջազգային ցանց: Ոլորտի զարգացման համար հարկավոր է ունենալ մասնագիտական կազմ, արդյունավետ արտարժութային քաղաքականություն, որ նաև մրցունակ լինենք, երրորդ՝ ստեղծենք հարթակ, որպեսզի Հայաստանն ադամանդագործության ոլորտում ընկալվի ոչ միայն՝ վերամշակող, այլև՝ ոլորտի էական դերակատարություն ունեցող երկիր: Եթե սրան մենք գումարենք նաև ազատ տնտեսական գոտու հարթակը, ես վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էական առաջընթաց: Առաջին դրական զարգացումը հենց այս տարի կլինի, երբ մենք կունենանք 30 տոկոս ավելի շրջանառություն, քան 2015թ.»: