«10-15 րոպե խուճապի մեջ էինք, հետո մեզ հրաման տվեցին, որ մենք էլ կրակենք». BBC-ին պատմում է զինվորը
Այս օրերին Լեռնային Ղարաբաղում գտնվող BBC-ի թղթակիցը զրուցել է զինծառայող Վլադիմիր Մկրտչյանի հետ: Տեսանյութում զինվորը պատմում է, թե ինչպես են սկսվել կրակոցները:
«Ինձ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված հանրապետություն չէ: Մենք կռվում ենք մեր հողի համար». BBC-ի հարցազրույցն առաջնագծում կռվող հայ զինծառայողի հետ
Բրիտանական BBC կորպորացիան տեսանյութ է պատրաստել ԼՂ առաջնագծի մասին և զրուցել իրենց ծառայությունն անցկացնող հայ զինծառայողի՝ Վլադիմիր Մկրտչյանի հետ։
Զինվորը պատմում է, որ ծնվել է 1997թ. օգոստոսի 6-ին:
«Զորակոչվել եմ բանակ մոտ երկու ամիս առաջ: Դիրքերում եմ մոտավորապես 1 շաբաթ»,- պատմում է զինծառայողը՝ նշելով, որ ինքը հրետանու վրա է, նշանառու է ու արդբեջանցիների հարձակման օրը հրանոթների մոտ պարապմունքներ էին անցկացնում:
«Մեզնից մի քիչ հեռու արկ ընկավ, բնականաբար, 10-15 րոպե խուճապի մեջ էինք, հետո հավաքվեցինք ու հրաման տրվեց, որ մենք էլ կրակենք:
Պատերազմական գործողությունների ժամանակ հիմնական պատասխանատվությունը քեզ վրա ես զգում, որովհետև մի փոքր շեղումը կարող է 10-15 կիլոմետրի շեղում տալ: Մի փոքր սխալի պատճառով կարող ես քո դիրքերի վրա կրակել»,- բացատրում է հայ զինծառայողը:
Վերջինս ներկայացնում է նաև, թե ինչ պայմաններում են ապրում, ցույց է տալիս վառարանը, որը իրենց «փրկությունն է, քանի որ շատ ցուրտ է գիշերը»:
Վլադիմիր Մկրտչյանը ցույց է տալիս նաև այն մահճակալները, որտեղ քնում են, սակայն նշում է, որ չեն հասցնում քնել գիշերները, քանի որ հերթափոխում են: Տեսանյութում ցուցադրվում են նաև 18-19 տարեկան զինծառայողները, որոնք նարդի են խաղում:
«Պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, որովհետև հրաման են կատարում ու ճիշտը դա է: Ինձ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված հանրապետություն չէ: Մենք կռվում ենք մեր հողի համար»,- ասում է հայ զինծառայողը:
https://www.youtube.com/watch?v=kQdssAo1Myg