Բաժիններ՝

Արցախի ժողովուրդը Եվրոպայում ունի համախոհներ. լատվիացի խորհրդարանական

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան­-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիի և Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, Լատվիա­-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի ի այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրյա խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա­ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո այցելել են Արցախ: Այս մասին Աշոտ Ղուլյանը նշել է՝ ընդունելով ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին և նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Գարիֆալիա Կանելլիին, Սերգեյ Պոտապկինին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին և Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Ապրիլի 2­5-­ը Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որևէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը՝ ավելի է հաստատել անկախ, ինքնինշխան և ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատև պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի և ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանել արցախցիների արդար պայքարը՝ հանուն ազատության և անկախության:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլև՝ աշխարհում: Նա իր խոսքում նշել է, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար այլևս կյանքեր չզոհաբերվեն:

Լատվիայի Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը կարևոր է համարել այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ և եվրոպայում ունի համախոհներ, ովքեր կանեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Մտքերի փոխանակման ընթացքում խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը և պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս