Մոմավառություն Լեհաստանում՝ ի հիշատակ Արցախում զոհված զինվորների
Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին դեսպանատան բակում տեղադրված հայկական խաչքար հուշակոթողի մոտ տեղի ունեցավ «Ցավում ենք և հպարտանում» խորագրով միջոցառում և մոմավառություն` որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Լեհաստանում գործող հայկական կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների, ուսանողների, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների պետական դրոշների ներքո տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ Հայ ժողովուրդն այս դժվար փորձությունից պատվով և արժանապատվությամբ դուրս եկավ մեր հերոսների մահվան գնով: Նրա խոսքով, միջոցառման վայրը պատահաբար չի ընտրված, քանի որ դժվար պահին մեր ժողովուրդը պետք է համախմբի հավատով և պետության շուրջ, այդ իսկ պատճառով միջոցառումը կազմակերպված է դեսպանության տարածքում գտնվող խաչքարի մոտ:
Դեսպան Ղազարյանը կոչ արեց հայությանն այս դժվարին պահին լինել միասնական և համախմբված Հայոց անկախ պետականության կողքին: