«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Ալեքսանդր Իսկանդարյանն է
Ապրիլի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինված ուժերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկայի բոլոր միջոցները, նախահարձակ գործողություններ ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` պատճառելով մարդկային կորուստներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հակահարված տվեց հակառակորդի ուժերին, որը կրեց զգալի նյութական և մարդկային կորուստներ: Տեղի ունեցածից անմիջապես հետո հնչեցին գնահատականներ, որ 1994 թվականի հրադադարից հետո սա առաջին դեպքն էր, երբ ադրբեջանական զինուժն օգտագործում էր գրեթե ողջ ծանր զինտեխնիկան, այդ թվում՝ ռազմական ավիացիան: Արդյոք կարո՞ղ է վերսկսվել պատերազմը: Այս հարցը վերջին երկու օրերին հնչում է բոլորի կողմից, և բոլորը, բնականաբար, ցանկանում են լսել բացասական պատասխան: Նաև այս հարցի պատասխանն ենք փորձել ստանալ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից: