![](/banners/BeFunky-design.jpg)
«Նախնական տվյալներով՝ մեկ զինվորականի ձեռքերն են կտրված». Արծրուն Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Arcrun11.jpg)
Երեկ Հանրային հեռուտաընկերության «Եռանկյունի» հարղոդաշարի եթերում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ զինվորականներից մեկի ձեռքերը կտրված են:
Հարցին՝ արդյոք ռազմական հանցագործությունների, վայրագությունների վերաբերյալ փաստերը պատրաստվո՞ւմ են ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (խոսքը վերաբերում է երեխայի սպանությանը, դիակների գլխատմանը, խաղաղ բնակչության ռմբակոծության մասին), Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.
«Միանշանակ, մենք հավաքել ենք նյութերը և դեռ շարունակում ենք հավաքել, որովհետև, ցավոք, այն առաջին հայտնաբերված դիակներից բացի, ինչպես պարզվում է՝ կամաց-կամաց, այլ դիակներ ևս կան, որոնց հետ նման հարցեր կան»:
Դիտարկմանը, որ տեղեկատվություն է տարածվել 3 հայ զինվորի գլխատման մասին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «3, արդեն 4 խոսակցություն կա: Պետք է ստուգել այս ամեն ինչը: Եվ նախնական տվյալներով՝ մեկ զինվորականի նաև ձեռքերն են կտրված: Այս ամենը պետք է հավաքել, և հավաքում ենք այս պահին: Եվ ոչ միայն ԵԱՀԿ-ին: Իհարկե, մեր պետական մյուս ինստիտուտները ևս այս ուղղությամբ արդեն աշխատում են:
Համապատասխան փաթեթ կլինի և կներկայացվի համապատասխան ատյաններին: Ես կարծում եմ, որ սա պիտի մանրակրկիտ ուսումնասիրվի և համապատասխան իրավական գնահատական տրվի սրան: 21-րդ դարում կատարվում է հստակ ռազմական հանցագործություն, ընդ որում, ընդամենը 4-օրյա մարտական գործողությունների ընթացքում աննախադեպ քանակի»: