«Հավաստի տեղեկություններ ունենք, որ եզդի զինվորը ողջ է, և ստացվում է` Ադրբեջանում ողջ գերի զինվորներ ունենք». Ամո Շարոյան
«Երբ ապրիլի 2-ին մեր հարևան պետության Զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ սկսեցին ԼՂՀ սահմանի ամբողջ երկայնքով, նախահարձակն իրենք էին ու, փառք Աստծո, մեր բանակը կարողացավ ոչ միայն կանգնեցնել նրանց, այլև բերել հրադադարի սեղանի շուրջ։ Փառք ու պատիվ մեր զինվորներին, որոնք գնացին կրակի բերանը, նահատակվեցին ու անմահացան, որովհետև նրանց գործը հայրենիքի պաշտպանությունն էր։ Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր պետությունը, մեր օջախը, մեր հայրենիքը։ Մենք պաշտպանեցինք մեր հայրենիքը՝ անկախ ազգությունից, դավանանքից և հաղթեց մեր ուժը, հավատը, մեր միասնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություններ, գազանություններ, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12-ամյա դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի ու ականջները չենք կտրի, բայց նրանք, ցավոք, արեցին դա։ Սլոյան Քյարամի գլուխը նրանք համացանցով ցույց տվեցին ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»։
Ըստ նրա՝ այս փորձությունից պետք է դասեր քաղենք. «Իսկ դասեր քաղելու համար մենք պետք է միջազգային համապատասխան կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպական դատարանի, Հաագայի քրեական դատարանին ներկայացնենք այս փաստաթղթերը: Եթե քսան-երեսուն տարի առաջ այս փաստաթղթերը ներկայացնեինք, միգուցե անհետևանք մնար, բայց այսօր տեղեկատվական զարգացումն այնպես է, որ մարդիկ կգնահատեն և իրենց վերաբերմունքը ցույց կտան, թե ով է ագրեսոր և ում են նրանք մատակարարում տարբեր զինատեսակներ»:
Անդրադառնալով այն դեպքին, երբ եզդի զինվորներից մեկի հորեղբայրը զանգահարել էր զինվորին, բայց պատասխանել էր ադրբեջանցի ու ասել, որ այդ համարով էլ չզանգեն, իրենց որդուն սպանել են ու չգիտեն՝ որտեղ է, Ամո Շարոյանն ասաց, որ հավաստի տվյալներ ունեն, որ եզդի զինվորը ողջ է. «Ինքը ողջ է, չնայած մեր պետությունը կզբաղվի անհայտ կորածների հարցերով։ Հավաստի եմ ասում այն առումով, որ ճիշտն ասած՝ մենք Ֆրանսիայում ունենք եզդիների ֆեդերացիա՝ բավականին մեծ կազմակերպություն, ինչ-ինչ ճանապարհներով նրանք էլ են սկսել հետաքրքրվել ու ինձ ասացին, որ նա կենդանի է: Ստացվում է, որ Ադրբեջանում ողջ գերիներ ունենք»: