«Պատերազմը լավերին միշտ էլ տանում է…». Հակառակորդի գնդակից զոհված լեյտենանտ Բենյամինը շարունակում էր հոր գործը
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: 24-ամյա երիտասարդի հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանն է՝ Արցախյան շարժման առաջին մասնակիցներից:
Այսօր տեղի ունեցավ Բենյամինի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ԱԺ պատգամավորներ, նրա ծառայակից ընկերներն ու հրամանատարները:
Նշենք, որ Բենյամինը սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, պատրաստվում էր շարունակել հոր գործը: Նա ԶՈՒ-ում էր 2009 թվականից, ունի մեկ եղբայր, երկու քույր: Նշենք նաև, որ Եղոյանների ընտանիքը 1992 թվականին կորցրել է իրենց որդիներից ևս մեկին՝ դժբախտ պատահարի հետևանքով:
Բենյամինի հարազատները նրան մեծ հարգանքով ու ցավով էին հիշում: Բոլորն ափսոսում էին, որ կորցրել են նման «համեստ, խելացի և հայրենասեր տղայի»:
Բենյամինի դասղեկը՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանը, արցունքները հազիվ էր զսպում՝ իր աշակերտի մասին խոսելիս: «5-րդ դասարանից եղել եմ նրա դասղեկը, խորը վիշտ ու ցավ եմ ապրում, ոչ միայն ես, այլև մեր ամբողջ կրթահամալիրը, 5-րդ դասարանից հենց հայրենասեր էր: Դասավանդել եմ գրականություն, ամեն անգամ գրականության էջերը թերթելիս՝ նրա հայրենասիրությունն ու ոգևորությունը պոռթկում էր միջից: Հոյակապ անձնավորություն էր, օգնում էր թույլերին, թույլ չէր տալիս ինչ-որ մեկին վիրավորել, կանգնած էր ամեն մեկի կողքին, փառք նրան: Մինչև վերջին օրերն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել, խորհուրդներ էր հարցնում: Վերջին անգամ խորհուրդ տվեցի ուժեղ լինել և լավ պահել»,- պատմում է Բենյամինի դասղեկը:
Ավագ լեյտենանտ, փոխգնդապետ Գրիգոր Սերոբյանն էլ նշեց, որ շատ լավ կուրսանտ էր, ուսման ընթացքում դրական արդյունքներ է միշտ ցուցաբերել. «Համեստ, կշռադատված սպա էր, նման բանի չպետք է արժանանար, բայց պատերազմը լավերին միշտ էլ տանում է»:
Բենյամինը վերջին անգամ Ֆեյսբուքում գրառում էր կատարել մարտի 30-ին. «Երանի գա մի օր, ու էդ օրից ես գոնե առավոտ 8-ին գնամ գործի…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: