Բաժիններ՝

Լարիսա Ալավերդյանը կոչ է անում զինվել համբերությամբ ու սպասել անհետ կորածների որոնման աշխատանքների արդյունքների հրապարակմանը

«Ես չեմ կարծում, թե պատերազմական գործողությունների դադարեցման կամ զինադադարի նպատակ կա ադրբեջանական կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ նա իր աշխատանքային թիմի հետ նոր է վերադարձել Արցախից, որտեղ իրականացրել է Ադրբեջանի վայրագ գործողությունների փաստերի հավաքագրում, և այսօր նա խոսեց միջազգային իրավական հարթությունում հնարավոր գործողությունների, ինչպես նաև՝ գերիների և անհայտ կորած զինծառայողների խնդրի մասին:

««Զինադադար» բղավելով՝ շարունակել ռազմական գորոծողություններն ու այսքանից հետո նախահարձակ լինելու մեջ մեղադրել հայկական կողմին՝ դա ադրբեջանական կողմին տիպիկ վարքագիծն է»,- համոզված է Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով գերիների և անհայտ կորածների խնդրի մասին, նա նշեց. «Որոնողական աշխատանքներն ամենաբարձր մակարդակով շարունակվում են: Երեկվա դրությամբ այդ թիվը շարունակվում է մնալ 25-ը: Արդյոք ադրբեջանական կողմն ունի՞ հայկական կողմից կենդանի գերեվարված զինծառայողներ՝ մենք այս պահին չգիտենք, որովհետև, եթե մենք այդ ինֆորմացիան ունենայինք, նրանք չէին համարվի այլևս անհայտ կորածներ: Անհայտ կորածի կարգավիճակն արդեն իսկ ենթադրում է, որ մեր կողմը չունի ստույգ տվյալներ նրանց ճակատագրի մասին՝ ո՞ղջ են, թե՞ վիրավոր են, գուցե նա թաքնվել է անտառում մի տեղ և ինչ-որ կերպ դեռ այնտեղ է: Անհայտ կորած կարգավիճակը ենթադրում է բոլոր թվարկածս պայմանները»:

«Ողջ մնացած զինգերիներ հայկական կողմն ադրբեջանցիներից չունի՝ այն պարզ պատճառով, որ ռազմական գործողությունների ողջ ընթացքում ի սկզբանե նպատակ չի հետապնդել գերեվարելու ողջ զինվորներին: Սրա ամենադիպուկ հիմնավորումը ծավալված մարտական գործողությունների բնույթն է, այլ կերպ ասած՝ հայկական կողմի գերխնդիրը եղել է ինքնապաշտպանությունը: Հայկական կողմն ընդամենը դիմադրել է՝ թույլ չտալով թշնամուն անցնել սահմանագիծը»,- տեղեկացրեց Լարիսա Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենց կազմակերպությանն արդեն իսկ սկսել են զանգահարել ծնողներ, որոնց տված տեղեկություններն իրենց կողմից գրանցվում են, որովհետև այդ թվերը հետագայում անհրաժեշտ են լինելու՝ համադրելու համար վերջնական արդյունքների հետ. «Ես կրկնում և խնդրում եմ՝ մենք տարիներ շարունակ կոչ ենք անում ԶԼՄ-ներին՝ երբ բարձրաձայնում եք անհայտ կորածների թեմայի մասին, աշխատեք լինել վերին աստիճանի նրբանկատ, զուսպ և զգուշավոր, որովհետև կա կարևորագույն մի պարագա՝ ծնողները, նրանց խորքային սթրեսային ապրումները: Ի վերջո, պետք է հիշել նախկին դեպքերը, թե ի՞նչ ճակատագրի են արժանացել անհետ կորած զինվորները՝ թշնամու ուժերի կողմից: Դա արդեն պետք է որ զսպող հանգամանք լինի՝ զերծ մնալու համար ոչ անհրաժեշտ ինֆորմացիայի տարածման պարագայում»

Լարիսա Ալավերդյանը կարևորեց նաև այս օրերին հոգեբանների ակտիվ աշխատանքային ռեժիմը: Նա կոչ արեց հոգեբաններին՝ մոբիլիզացնել իրենց ուժերը հատկապես այն քաղաքներում, գյուղերում կամ համայնքներում, ուր կան անհետ կորած զինվորների ընտանիքներ՝ առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար. «Հումանիտար մարդասիրական նորմը փոքր-ինչ մեղմ է թվում արդեն խոցված բնակչի համար: Այս իսկ պատճառով ես խնդրում եմ և կոչ եմ անում՝ ավելի նրբանկատ   վերաբերմունք ցուցաբերել այս հարցում: Պատկան մարմինները, ովքեր լիազորված են անելու այս աշխատանքը՝ բարձր մակարդակով կատարում են իրենց աշխատանքը: Աշխատանքները կատարվում են Միջազգային Կարմիր խաչի հետ համատեղ: Ադրբեջանն այս պարագայում ևս շահ ունի, որովհետև մեզ մոտ են զոհվածների մարմիններ, որոնք հավաքվել և պահվում են հայկական կողմի մոտ»:

Լարիսա Ալավերդյանը տեղեկացնում է, որ անհետ կորածների որոնողական աշխատանքներն իրականանում են ամենաբարձր մակարդակով, և իրեն մնում է կոչ անել՝ զինվել համբերությամբ ու սպասել արդյունքների հրապարակմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս