«Հրամանատարը վիրավորվել է, անմիջապես հետ է դարձել, գրկել, և այդ ժամանակ թուրքը նրա ծոծրակից բռնել է». ինչպես է զոհվել Քյարամ Սլոյանը
Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ղարաբաաադրբեջնական շփման գծում վերջին օրերին ռազմական գործողությունները որակում է պատերազմ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ եզդի տղաներից կազմված ջոկատներն այժմ գտնվում են ճակատում և պաշտպանում են Արցախի սահմանները՝ նշելով, որ այլ ջոկատներ ևս պատրաստ են մեկնելու Արցախ. «Իսկ Ալիևը հանցագործ է, նրան քրեորեն պետք է դատապարտեն միջազգային դատարանում, մահվան պետք է դատապարտվի։ Ոչ մի երկիր այսուհետև իրավունք չունի Ալիևի կամ Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ ինչ-որ դրական կարծիք ունենալ, պաշտպանել դրանց շահերը»։
Մուսուլմանական աշխարհին նա կոչ արեց վերջ տալ պատերազմներին։ «Մենք ոչնչից չենք վախենալու, մենք պատերազմ հրահրողների դեմ պատրաստ ենք մենք զորքով, մեր տղաներով»,- ասաց նա։
Եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն ասաց, որ եղել է առաջնագծում և նոր է վերադարձել այնտեղից։ «Ես ուզում եմ մեր ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչությանը հայտարարել, որ մեր բանակը հաղթել է այս պատերազմում և կշարունակի հաղթել։ Թող ոչ ոք չմտածի, թե մենք հետ ենք նահանջում։ Մենք հաղթել ենք և ունենք հաղթանակած բանակ։ Այս պատերազմում թուրքական շակալներին հաղթեցին մեր 20 տարեկան տղաները։ Մինչև մեր հասնելը նրանք արդեն կոտորել էին նրանց։ Այնպես էին կոտորել, որ թողել էին իրենց դիակները։ Սպայի դիակը թողել էին պատերազմի դաշտում, փախել էին։ Մենք էլ ենք սպա կորցրել։ Եզդի Քյարամ Սլոյանն իր հրամանատարի համար է զոհվել։ Հրամանատարը վիրավորվել է, անմիջապես հետ է դարձել, գրկել, և այդ ժամանակ թուրքը նրա ծոծրակից բռնել է։ Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված, և մենք նոր չենք պատերազմում թուրքի դեմ»։
Նա նշեց, որ մեր հույսը մեր ուժի, բանակի վրա է, իսկ այն հողը, որի վրա թափվել է հերոսների արյուն, ոչ մի թիզ չենք զիջի թուրքին. «Հայաստանի և Ղարաբաղի ամեն մի թիզ հող մեզ համար սրբություն է»։
Ի դեպ, ասուլիսի ընթացքում նրան զանգահարեց ճակատում գտնվող ավագ եղբայրը, ով փոխանցեց, որ վիճակը լավ է, բարևներ փոխանցեց ճակատից։ «Ես կուզեմ, որ բոլորի զավակները, ովքեր այսօր գտնվում են ճակատում, թող ուրախ զանգվող, ուրախ լուրով դիմեն իրենց ծնողներին, իսկ մեր այն երիտասարդները, որ ընկան, հավերժ կմնան մեր սրտերում։ Հանուն նրանց մենք ամեն ինչ կանենք»,- ասաց Բրո Հասանյանը։
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ ասաց, որ միջազգային հանրության առաջ պետք է բարձրացվի այն հարցը, որ խաղաղ բնակչության նկատմամբ բարբարոսություններ են տեղի ունեցել, իսկ եզդի զիծառայողի գլուխը կտրելու համար նրանք պետք է պատիժ ստանան։