Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին փոխանցել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ժողովրդի արձագանքները

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց:

Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից:

Եվ, իհարկե, Դմիտրի Անատոլիի, ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Serj Sargsyan-Medvedev3

«Շատ շնորհակալ եմ, հարգելի Սերժ Ազատի: Իրոք, հիմա լավ հնարավորություն է տպավորություններով և տեղեկատվությամբ փոխանակվելու մեր սովորական երկկողմ գործերի առումով: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մենք բանակցություններ անցկացրինք, քննարկեցինք մեր երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրեցինք, իմ կարծիքով, ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր, պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար: Երևի, դարձյալ որոշ հարցեր մենք Ձեզ հետ հակիրճ կքննարկենք:

Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով: Մենք ելնում ենք նրանից, որ հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Ես շատ լավ հիշում եմ Ձեզ հետ մեր նախկին զրույցները:

Միգուցե այն ժամանակ հնարավորությունների մի մասը չհաջողվեց իրականացնել, բայց ամեն դեպքում, խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա: Սրա հետ է կապված նաև իմ այժմյան այցը. կցանկանայի որոշ բաներ Ձեզ հետ քննարկել, թե ինչ կարելի է անել մոտ ապագայում, բայց ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի:

Serj Sargsyan-Medvedev

Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ: Ինչ-որ տեղ, երևի թե, նրանց պահելաձևը և որոշումները կարելի է հասկանալ. բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից՝ այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու: Հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում էինք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում, կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում, ինչպես և պատրաստվում էինք, որովհետև, անկեղծ ասած, մենք քիչ և հազվադեպ ենք հանդիպում:

Մենք պայմանավորվել էինք դա անել երկու ամիսը մեկ, սակայն վերջին անգամ հանդիպել ենք կես տարի առաջ: Այդ պատճառով ես կուզենայի այդ հաճախականությունը մեծացնել, առավել ևս, երբ կա հիասթափություն, որը առաջացավ այստեղ՝ ձեզ մոտ, ամսի 8-ի հանդիպման տեղափոխման արդյունքում: Ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ հրավերի համար: Մենք մեծ հետաքրքրությամբ այսօր անցկացրինք կառավարությունների գծով բանակցությունները: Հույս ունեմ, որ Ձեզ հետ հիմա կխոսենք բոլոր հարցերի շուրջ: Շնորհակալ եմ»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Տեսանյութեր

Լրահոս