
ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաներից ԱԱՀ գանձման որևէ դեպք այլևս չի գրանցվում. ՊԵԿ փոխնախագահ

Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներից արդեն երկու օր է, ինչ ԱԱՀ չի գանձնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել երկու օր առաջ: «Հիմա չեք կարող գտնել մի դեպք, որ ներմուծված ավտոմեքենայի մասով ավելացված արժեքի հարկ գանձվի: Ներմուծման պահը ՀՀ սահմանը հատելու պահն է»,– ասաց Միրումյանը:
Հարցին ի պատասխան, թե դրա արդյունքում որքանով կնվազեն բյուջե մուտքերը` Միրումյանն ասաց, որ դա կախված է նրանից, թե երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը որքանով կփոխարինվի ԵԱՏՄ ապրանքների ներմուծումով: ՊԵԿ նախագահի տեղակալը կրկին շեշտեց, որ օրենքը հետվերադարձի մեխանիզմ չի նախատեսում: