
Մենք աշխատում ենք Լավրովի առաջարկների վրա. Մամեդյարով

Մենք իրանցի գործընկերների հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի ճակատում տեղի ունեցած իրադարձությունները: Իրանական կողմը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ լուրջ աշխատանք է կատարվել:
«Մենք աշխատում ենք Սերգեյ Լավրովի կողմից անցած տարվա կեսին արված առաջարկների վրա: Ինչ-որ մեկը դա անվանում է սառեցված հակամարտություն, սակայն այդ հակամարտությունը դառնում է մարդկային կորուստների պատճառ: Շատ կարևոր է լուծման խաղաղ ուղին: Մենք այդ շրջանակներում աջակցում ենք որոշմանը:
Հակամարտության շարունակությունն անընդունելի է: Հակամարտության սառեցումը կարող է մարդկանց մոտ պատրանքներ առաջացնել: Բոլորը պետք է հասկանան, որ օկուպացիոն զինված ուժերը պետք է դուրս բերվեն մեր հողերից: Պատերազմը վնաս է հասցնում երկու կողմերին: Հայաստանի ԶՈՒ-ն պետք է լքի մեր հողերը, իսկ հետո նոր քննարկվեն այլ հարցեր՝ մոնիթորինգի անցկացում, անվտանգություն»,- հայտարարել է Մամեդյարովը: