Ռուսական բլից-կրիգ` Հայաստանում
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակի դադարեցման համաձայնագիրը ձեռք է բերվել Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Մինչ այդ հայտարարությունից հետո բոլոր փորձում էին այդ տեղեկությունը որևէ կերպ համադրել նախագահ Սերժ Սարգսյանի` երկու օր առաջ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարության հետ, որ՝ «Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ», մի քանի ժամ անց Սեյրան Օհանյանը նույն հայտարարությունը կրկնեց Ազգային ժողովում: Ոչ միայն ուղղակի կրկնեց, այլև ավելացրեց բառացիորեն հետևյալը.
«Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև պայմանավորվածության շրջանակներում, երևի թե բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք»: Դրանից առաջ էլ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կրակի դադարեցման համաձայնություն կայացվել առանց Լեռնային Ղարաբաղի` ասում է` ում կանչել էին Մոսկվա բանակցելու, նա էլ գնացել է: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են առաջին հերթին, բացառապես ու ամբողջությամբ, ԼՂ պաշտպանության բանակի, հայ զինվորների շնորհիվ: Ու դրա ամենամեծ արդյունքը, քաղաքական ձեռքբերումը պետք է լիներ, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, այն, որ Ադրբեջանը սկսեր ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղը վերադառնար բանակցային գործընթաց:
Մինչդեռ ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցածը նշանակում է՝ լռեցնել Լեռնային Ղարաբաղին: Ավելին, եթե հնարավորինս կարճ ժամանակում պաշտոնապես չհայտարարվի, որ Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի միջև ձեռք բերվածն ընդամենը բանավոր, իրավիճակային պայմանավորվածություն է, և, որ հրադադարի պահպանման միակ օրինական փաստաթուղթը 1994 թվականին կնքված պայմանագիրն է` Լեռնային Ղարաբաղի ստորագրությամբ, ապա դա կնշանակի, որ հայկական կողմը` առաջնագծում արձանագրելով հաղթանակ, պարտվել է դիվանագիտական դաշտում: Պարտվել է Ռուսաստանի «միջնորդությամբ»: Ղարաբաղում մարտական գործողությունների հարաբերական դադարից հետո Հայաստանում շատ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Առանձին պետական կառույցներ ու առանձին պաշտոնյաներ արտակարգ ռեժիմում աշխատում են առավել քան բարեխղճորեն, մինչդեռ որոշ ինստիտուտներ ու պաշտոնյաներ, մեղմ ասած, հայտնվել են ոչ ադեկվատ վիճակում:
Ազգային ժողովը վերածվել է «Պիոներ կանչի» խմբագրության: Կարծես դա ոչ թե օրենսդիր մարմին է, որն այս օրերին պետք է դառնար հիմնավորված, հաշվարկված մտքերի փոխանակման, ուղերձների հղման հարթակ, այլ ճոռոմ հայրենասիրական թեմաներով շարադրությունների մրցույթի ակումբ: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է հեռախոսային կետի, որը միայն տեղեկատվություն է հաղորդում արտգործնախարարի հեռախոսազրույցների մասին, այն դեպքում, երբ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ընդունում է Պաշտպանության նախարարի տեղակալը:
Երևում է` իշխանության ներկայացուցիչների մեծ մասն այդպես էլ ճիշտ չգնահատեց վերջին օրերի հասարակական աննախադեպ միասնականությունը, չկարողացավ հաշվարկել, որ այդ միասնականությունը նաև լեգիտիմ իրավունք է` արտաքին քաղաքական համարձակ որոշումներ կայացնելու, անցած տարիներին թույլ տված ապաշնորհության հետևանքները վերացնելու համար: Պաշտոնյաների փոքր մասը կարծես հասկացավ, բայց ավելի մեծ մասը չհասկացավ, որ Հայաստանի միակ ու ամենառազմավարական դաշնակիցը Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացին է, որն ունակ է դիմակայելու իրական հակառակորդին «թղթային դաշնակցի» մատակարարած անգամ ամենածանր սպառազինության հարվածներին:
Ու այդ ամենամեծ` այդպես էլ չհասկացած կամ հասկանալու իրավունք չստացած մասը չգիտակցեց, որ համարձակությունը ոչ թե տարբեր ամբիոններից Ալիևի «ականջը կտրելն» է, այլ հայտարարելը, որ Հայաստանի Հանրապետությունն ունի պետական շահեր, որոնք բարձր են բոլորից ու ամեն ինչից, անգամ՝ ռազմավարական դաշնակիցների շահերից ու նպատակներից:
Անցած մի քանի օրերին մենք ականատես եղանք իրական հայրենասիրության, հայրենիքն ամեն ինչից վեր դասելու՝ հազարավոր մարդկանց նվիրումին, բայց տեսանք ու մեկ անգամ ևս համոզվեցինք նաև, որ հայրենասիրությունը նաև սրիկաների վերջին հանգրվանն է, որոնց համար հայրենիքն ընդամենը տարածք է, որտեղ կարող են տեղակայվել ռուսական ռազմաբազաները:
Տեսանք ու համոզվեցինք, որ ադրբեջանական բլից-կրիգում հաղթանակ տանելուց հետո մեզ սպասում է այլ` գուցե ավելի վտանգավոր` ռուսական բլից-կրիգ, որի «առաջին գծում» մարտնչում են ազգությամբ հայ հաստիքային հայրենասերները, որոնց դեմ պայքարը պետք է լինի ադրբեջանական բլից-կրիգում իր միասնականության շնորհիվ հաղթանակ արձանագրած հայ հասարակության հաջորդ խնդիրը: Իշխանության մեջ գտնվող ադեկվատ գործիչների հետ, կամ առանց նրանց: