«Կրակը պետք է անհապաղ դադարեցվի». Ուորլիքը՝ Բաքվում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: «Անհանգստություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինվորականների եւ քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ: Մենք Բաքու ենք եկել այն ուղերձով, որ հասնենք բանակցություններում առաջընթացի, թույլ չտրվի նոր կորուստներ, կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է բանակցությունները վերականգնելու կարեւորությունը եւ հակամարտության կարգավորման անընդհատականությունը: «Այդ բոլորը մենք կասենք նաեւ Հայաստանում»,- նշել է նա: Ջեյմս Ուորլիքն ասել է, որ ողջունում է կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները: «Հուսով ենք, որ դա կնվազեցնի առաջնագծի երկարությամբ լարվածությունը: Քանի դեռ կողմերը չեն հարգում եւ չեն պահպանում կրակի դադարեցման ռեժիմը, քաղաքական առաջընթացի մասին խոսք չի կարող գնալ: ԱՄՆ-ը մշտապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ խաղաղության հասնելու համար ցանկանում, որ բանակցություններն ընթանան հաջողությամբ: ԱՄՆ-ում այդ գործընթացին ուղղակիորեն միացել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյան երը, կոչ են արել վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը: Ծագած լարվածությունը ցույց տվեց, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար եկել է բանակցությունները շարունակելու ժամանակը: Դրա համար պետք է լինի երկու կողմերի քաղաքական ղեկավարության կամքը»,- ասել է Ուորլիքը:
Ըստ ադրբեջանական report.az-ի` նա նաեւ ասել է, որ համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար, սակայն, որոշումը պետք է ընդունեն նախարարները: