«Երազել էր ու դարձավ սպա, զոհվեց՝ փրկելով մեզնից յուրաքանչյուրին». վերջին հրաժեշտը՝ զոհված Արմենակ Ուրֆանյանին
Այսօր հարազատները, ընկերները, ծառայակիցներն ու քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված զինծառայող Արմենակ Մերսի Ուրֆանյանին: Զինծառայողին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հուղարկավորությանը ներկա ՀՀ ՊՆ աշխատակիցը նշեց, որ մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք զինված ուժերի լավագույններից լավագույններին. «Կորցրել ենք այն տղաներին, ովքեր անվարան իրենց կյանքն են մատաղել ու նահատակվել են հանուն հայրենյաց հողի: Այս վիշտը միայն Ուրֆանյանների ընտանիքինը չէ: Այս վիշտը համաժողովրդական է, համահայկական: Արմենակն իր ճակատագիրը կապել էր բանակի հետ: Երազել էր և դարձավ սպա: Դարձավ սպա, ունեցավ զինվորներ և մատաղվեց ու նահատակվեց հանուն այդ զինվորների փրկության: Զոհվեց՝ փրկելով բազում կյանքեր: Զոհվեց՝ փրկելով մեզնից յուրաքանչյուրին:
Զոհվեց՝ հանուն մեզ և մեր ապագա սերունդների: Մենք բոլորս հավատում ենք, որ Արմենակի և մեր մյուս նահատակների հիշատակը և նրանց գործած սխրանքն անմար է լինելու: Սերունդներ են դաստիարակվելու, սերունդներ են հիշելու»:
Հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանը, որով Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով ՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: