Բոլորը Ռուբենին հիշում էին ափսոսանքով և արցունքոտ աչքերով

Ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի գնդակից զոհված 23-ամյա կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանը մասնագիտությամբ ծրագրավորող էր, ավարտել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որից հետո անցել էր զինվորական ծառայության:

Այսօր տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը, որին ներկա էին Ռուբենի հարազատները, բարեկամները, ընկերները…

Բոլորը Ռուբենին հիշում էին ափսոսանքով և արցունքոտ աչքերով:

Ալեքսանդր Բլոկի անվան հիմնական դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Ռոբերտ Թունյանը, ով եղել է Ռուբենի ռազմագիտության ուսուցիչը, պատմեց, որ Ռուբենն ավարտել է դպրոցը գերազանցությամբ. «Շատ կարգապահ, ուշիմ, խելացի տղա էր Ռուբենը: Բանակում էլ շատ պատրաստակամ զինվոր է եղել, ուշիմ սերժանտ է եղել, լավ ծառայության համար ունի պատվոգրեր, շնորհակալագրեր: Ստացել ենք շնորհակալական հեռագրեր զորամասից՝ և՛ դպրոցի կոլեկտիվին, և՛ ծնողներին, Ռուբենը նաև շատ լավ զինվոր է եղել: Շատ գոհ է եղել իր ծառայությունից, արդեն տղամարդ դարձած, ինքնագոհ, սիրում էր իր հայրենիքը, ծառայությունը: Շատ համեստ էր, խելացի էր, կազմակերպող, մարդասեր տղա էր»:

Նույն դպրոցի տնօրեն Մարիա Մալախյանն այնքան հուզված էր, որ հազիվ էր կարողանում խոսել: Հարցին, թե՝ ինչպե՞ս եք հիշելու Ռուբենին, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ հիշել, նա մեզ հետ է, մեր հոգում է, հրաշք անձնավորություն, գերազանց սովորող, ոնց որ մենք չհավատանք՝ ինչ է կատարվել»:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը նույնպես ներկա էր Ռուբենի հուղարկավորմանը:

«Ափսոս են մեր երիտասարդները, ոչ մի պատճառ չկա, որպեսզի մենք նման զոհեր ունենանք: Պետք է շատ կազմակերպված լինենք, որ նման բաներ այլևս չլինեն: Ինքը շատ լավ երիտասարդ էր, նրան բոլորը սիրում էին, շատ լավ համբավ ուներ, ափսոս, որ նման բան եղավ»,- նշեց Է. Սանդոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս