«ԼՂ պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև՝ պայմանավորվածության շրջանակներում». Սեյրան Օհանյան
«Միջնորդավորած առաջարկության շրջանակներում այսօր մենք հասել ենք կրակի դադարեցման: Գլխավոր շտաբի պետերը հանդիպել են Մոսկվայում և եկել են այն եզրակացության, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել կրակը: Ընդ որում` մեզ համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև՝ պայմանավորվածության շրջանակներում, երևի թե, բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք:
Բայց բոլորիս համար հասկանալի է, որ մենք բոլորս ձգտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ, մաս կազմի նաև բանակցային գործընթացում»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպմանն ինչո՞ւ չի մասնակցել Արցախի ներկայացուցիչը:
Ըստ նախարարի` այսօր այս դադարն անկասկած օգտագործում ենք՝ համապատասխան հետևություններ անելու, նախապատրաստվելու առաջիկա գործողություններին: «Համենայն դեպս, մեր քաղաքական թիմի այսօրվա առկայության պայմաններում՝ մենք բավականին լուրջ աշխատանք ենք տարել թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ երկիրն ագրեսիային դիմագրավելու բոլոր խնդիրների նախապատրաստության առումով:
Եվ նաև այդ միջոցառումների գագաթնակետը հանդիսացող՝ անցած տարի «Շանթ» զորավարժությունը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք, և այսօր ողջ հասարակությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններն իրենց առջև դրված գործն իրականացրեցին: Այսօր մենք չունենք ո՛չ առաջին գիծ, ո՛չ թիկունք, բոլորը համատեղ պատրաստվում են իրենց խնդիրներն իրականացնելու համար: Պաշտպանության բանակն այսօր պատրաստ է ցանկացած ոտնձգության ու ցանկացած գործողությունների, և դեռ ավելին` տարբեր տիպի արձագանքման ու կանխարգելիչ միջոցների իրականացման»,- վստահեցրեց Ս.Օհանյանը: