«Գիշեր-ցերեկ մենք պետք է խոսենք Բակո Սահակյանի մասին»
«Գիշեր-ցերեկ մենք պետք է խոսենք Բակո Սահակյանի մասին, այսօր աշխարհը պետք է իմանա Բակո Սահակյանին, պետք է իմանա սուվերեն երկրի ընտրված նախագահ Բակո Սահակյանի անունը, իմանա Արցախի արտգործնախարարի անունը, Արցախի ղեկավարության անունները պետք է իմանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին:
Նա նշեց, որ մենք մի քանի անգամ հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակները ոչ մի կերպ չկարողացանք դիվանագիտական ատյաններում ամրագրել:
Գ. Եղիազարյանի խոսքով՝ այս իրավիճակի հրահրողը «կիսագրագետ, մարզված սրիկա» Էրդողանն էր, որը, Սիրիայում կրած իր անհաջողությունների պատճառով՝ իր ժողովրդի առաջ պետք է ցույց տար, որ ինքն այնքան էլ թույլ անձնավորություն չէ:
«Այս ամենը եղավ, որ կրակը բերեն Հարավային Կովկաս: Եթե մեր սահմանը Հայաստանով և Ռուսաստանով պաշտպանված չլիներ, սա ուղիղ կշարժվեր Հայաստան, ու ոչ մեկն այդ գերտերություններից ծպտուն չէր հանի: Մենք այսօր շատ վատ վիճակի մեջ ենք գտնվում այդ առումով: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, որ մեր հանդեպ այդ սրիկայությունն անելու են»,- նշեց Գ. Եղիազարյանը:
Նա այս իրավիճակի արդյունքում դրական է համարում այն, թե ինչ ոգևորությամբ հայ ազգը ոտքի կանգնեց. «Լավ դրվագ էր նաև ընդդիմության հաշվարկված գեղեցկագույն մոտեցումը, երբ ընդհանրապես խոսք չգնաց ոչ մի բանի մասին, իսկ ընդդիմադիր գործիչներն էլ Արցախում են»: