«Ադրբեջանը պարտավոր է բանակցել Ղարաբաղի հետ». Վահրամ Բաղդասարյան
«Թշնամին սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում, ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, նա պարտավոր է՝ նստի և ղարաբաղցիների հետ, եթե կլինեն այդպիսի բանակցություններ, պետք է բանակցեն Ղարաբաղի թևի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա` կողմերը գրեթե ամբողջությամբ պահպանել են դիրքերը, այժմ ամեն ինչ հանգիստ է, սպասում են հետագա զարգացումներին: Սակայն, նշեց Բաղդասարյանը, հայկական կողմը դրանով չի բավարարվում` ճանաչելով թշնամուն, որի գործն ու խոսքը չեն համապատասխանում:
Վ.Բաղդասարյանի հավաստմամբ` բոլոր միջազգային կառույցները գալիս են համոզման, թե ով է ագրեսորն ու ահաբեկիչը, քանի որ փաստ է, որ նրանք մեր տարածքներում ունեն զոհեր, մենք որևէ զոհ չունենք իրենց տարածքներում, մեր տարածքներում կան խոշտանգված դիեր, որը նրանց ագրեսիայի մասին է խոսում.
«Մենք նման երևույթներ չունենք, և դրա գնահատականները միջազգային կառույցները տալիս են: Կարմիր խաչի գործընկերները սկսել են ուսումնասիրել, արձագանքները կլսենք ապագայում: Շաբաթ օրը Ֆրանսիայի պատգամավորներն այցելելու են Ղարաբաղ և Ադրբեջան»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է լինելու ռազմական փոխօգնության պայմանագիրը, հնարավո՞ր է, որ այս իրավիճակում չկնքվի, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ փաստաթուղթը մշակման ավարտական փուլում է. «Մենք կնայենք արդեն իրավիճակների զարգացումներին: Վերջնական քննարկում չի եղել, երբ կքննարկենք՝ կտեղեկացնենք»:
Նա նշեց, որ, եթե Հայաստանն ավելի ճանաչեր վաղ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կդիտվեր՝ որպես պատրվակ` պատերազմ սկսելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` այս ամենն ապագայում դրվելու է միջազգային հանրության սեղանին և դառնալու է քննարկման առարկա, իսկ այսօրվա դրությամբ մենք շահեկան կողմ ենք: Իսկ եթե լայնամասշտաբ գործողությունները շարունակվեն, ըստ նրա, Ադրբեջանը կդրդի, որ ճանաչենք Արցախի անկախությունը:
Նա նշեց, որ հայկական կողմը զիջողի դերում չէ, նաև ռազմատենչ հայտարարություններ չի անում.
«Մենք հայտարարում ենք, որ կարողանում ենք պահպանել մեր տարածքները: Միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատականներ տա` ով է ագրեսորը, և հավասարության նշանը պետք է հանվի: Արդեն իսկ միջազգային կառույցների ներկայիս հայտարարություններն աստիճանաբար փոխվում են, բայց հարաբերությունները չսրելու համար միակողմանի հայտարարություններ չեն ուզում անել: Եթե չլինի միջազգային բարի կամքը, հակառակորդը կստանա արժանի հակահարված և կկրի անդառնալի կորուստներ: Ռուսական ռեպորտաժները վկայում են, որ բոլորը միանշանակ այն համոզման են եկել, որ Ալիևն իր իշխանությունը պահելու խնդիր ունի, ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է, տնտեսական և սոցիալական իրավիճակը ծայրահեղ լարված է, և պատրվակ է պետք, որ ներկայացնի իր երկրին, որ ինքը հաղթանակած թագավոր է, ցար է, բռնապետ է, և կարողացել է տարածքներ հետ բերել: Եվ եթե նա 200 քմ հողը փոխարինում է 500 զինվորների արյուններով ու հազարավոր վիրավորների արյուններով, ես նման բռնապետի արարքներին չեմ կարող պատասխան տալ»,- ասաց Վ. Բաղդասարյանը: