
Ազգային Ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի հերթական նիստը: Գրանցվել է 105 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Ապրիլի 5-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերու թյան ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հարցի քննարկումն անավարտ է մնացել և կշարունակվի ապրիլի 6-ի նիստում:
Ապրիլի 6-ի նիստում համաձայն ԱԺ կանոնակարգի՝ Ազգային ժողովում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: