«Քանի դեռ կան անհանդուրժողականության դրսևորումներ, մեր հասարակությունում գրքի դերը կշարունակի մնալ ստորադասված». Արմեն Մարտիրոսյան
Ասօր Մանկական գրքի միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպել էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, մանկագիր, թարգմանչուհի Նունե Թորոսյանը և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:
Բանախոսները խոսեցին, թե ինչ խնդիրներ ունի այսօր մանկական գրականությունը, անդրադարձան երեխաների մտավոր ու հոգևոր զարգացման գործում այդ գրականության դերին ու նշանակությանը:
Մադլեն Հովսեփյանն անդրադառնալով Մանկական գրքի միջազգային օրվան՝ նշեց, որ այս տոնը նշվում է դեռևս 1967 թվականից՝ դանիացի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվա հետ միասին.
«Այս օրը նախատեսվում են հանդիպումներ մանկագիրների հետ, նոր գրքերի շնորհանդեսներ, իսկ Խնկո-Ապոր գրադարանում այսօր նախատեսված է անցկացնել «Հեքիաթների զարդատուփ» թատերականացված ցերեկույթը, որտեղ ընդգրկված կլինեն և´ հայ, և´ օտարազգի հեղինակների հեքիաթները»:
Նունե Թորոսյանը խոսելով մանկական գրքի նշանակության և կարևորության մասին՝ ընդգծեց. «Մանկական գիրքը՝ ի տարբերություն ցանկացած գրքի, շատ կարևոր է ոչ միայն՝ իր բովանդակությամբ, այլև՝ ձևով, որովհետև ամբողջությամբ ունի դաստիարակող նշանակություն: Մանկական գիրքն իր բովանդակությամբ պետք է խթանի մանուկների երևակայությունը, որը միայն նրա համար չէ, որ մարդը հետագայում զբաղվի ստեղծագործ աշխատանքով, այլ նրա համար է, որ արդեն հասուն մարդը դառնա հանդուրժող, կարեկցող, և այլն: Այս պարագայում, անշուշտ, շատ կարևոր է ուսուցչի ու ծնողի ճիշտ ուղղորդող և խթանող դերը, որպեսզի երեխան մանկուց սիրի ու կապվի գրքի հետ»:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ իրենք՝ հրատարակիչները, շատ են թերացել այս գործում՝ բաց թողնելով երկար ու կարևոր շրջան, սակայն շարունակելով նախորդ բանախոսի միտքը՝ հավելեց.
«Պատահական չէ, որ Շվեդիայում նորածին՝ երեք ամսական երեխային պարտադիր կերպով այցի է գալիս գրադարանավարը՝ բերելով իր հետ կտորից պատրաստված մանկական գրքեր՝ այսպիսով հիմք դնելով ու մինչև կյանքի վերջ շարունակելով մարդու, ընթերցողի կապը գրքի հետ»:
Արմեն Մարտիրոսյանն ուղիղ և անմիջական կապ է տեսնում երկրի ներքին քաղաքական-սոցիալական խնդիրների և գրքի ու գրականության հետ կապվածության կամ դրա բացակայության միջև.
«Քանի դեռ այսօր այստեղ կան խանութներ, որտեղ պարսիկների մուտքը խոչընդոտվում է, քանի դեռ Հայաստանում թուրքը հայհոյանք է, քանի դեռ կան անհանդուրժողականության այսպիսի դրսևորումներ, ապա մեր հասարակությունում գրքի դերը կշարունակի մնալ ստորադասված: Եթե մենք լավ աշխատեինք, ապա պետք է, որ այսպիսի դրսևորումներ չլինեին»:
«Գրքի ամենակարևոր ֆունկցիան կայանում է հուզմունք առաջացնելու, ապրումակցման զգացողություններ առաջացնելու մեջ, որ մարդը հղկվի, դառնա՝ մարդ»,- այսպես է բնորոշում գրքի դերն Արմեն Մարտիրոսյանը: Անդրադառնալով այսօր հրատարակվող մանկական գրականության մեջ առկա խոտանների թեմային, ապա ստեղծված իրավիճակում բանախոսը միայն մի ելք է տեսնում. «Պարզապես պետք է ստեղծել որակյալ և մրցունակ մանկական գրականություն, որի որակի հաշվին գրանցվող իրացման ծավալներն ինքնին շուկայից դուրս կմղեն անորակ, ոչինչ չասող, կամ, որ ավելի վատ է՝ մանկական հոգեբանությունը խեղաթյուրող խոտանը»:
Մադլեն Հովսեփյանն օրախնդիր է համարում մանկագիրների պակասը. «Մեկ-երկու գիրք հրատարակելով՝ մանկագիր չեն դառնում, ինչպես այսօր շատերն են իրենց համարում մանկագիր: Կարծում եմ՝ այսօրվա ժամանակակից գրականությունը որակյալ, դաստիարակող ու կրթող մանկագիրների մեծ կարիք ունի»:
Տեղեկացնենք, որ մանկապատանեկան գրքի շաբաթը կամփոփվի ապրիլի 4-ին Խնկո- Ապոր գրադարանում, որտեղ նախատեսված է գրողների հետ հանդիպում, որին կհաջորդի Ազգային գրադարանի գրական մեկշաբաթյակը: