Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինտեխնիկայի կորուստի և տասնյակ զոհերի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է ադրբեջանական բանակի 12 զինծառայող։ Այդ մասին հայտնում է APA գործակալությունը:
Նշվում է, որ հայկական կողմը խոցել է մեկ «Մի-24» ուղղաթիռ, որը հարվածներ է հասցրել հայկական դիրքերին:
Բացի այդ՝ հաղորդվում է, որ «ականի վրա պայթյունի հետևանքով» շարքից 1 տանկ է դուրս եկել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: