Սիրիայի բանակը սկսել է հարձակումը ԴԱԻՇ-ի կողմից գրաված քրիստոնեական Էլ-Կարյատեյն քաղաքի ուղղությամբ
Սիրիական բանակն աշխարհազորայինների օգնությամբ սկսել է հարձակումը քրիստոնեական Էլ-Կարյատեյն քաղաքի ուղղությամբ, որը Հոմս նահանգում ԴԱԻՇ-ի խոշորագույն հենարանն է, հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ թեժ մարտեր են ընթանում քաղաքի երեք ուղղություններով:
Սիրիական բանակը մարտերը վարում է Էլ-Կարյատեյնից 4 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքում: Զինյալները դիմադրում են՝ օգտագործելով խոշոր տրամաչափի հրետանի ու ծանր տեխնիկա: Զինյալների կրակային դիրքերը գտնվում են քաղաքի ծայրամասերում:
Սիրիական բանակի գրոհային ջոկատի հրամանատարը հայտնել է, որ գրոհի սկզբից ոչնչացվել է մոտ 30 ահաբեկիչ: Նշվում է, որ քաղաքում խաղաղ բնակիչներ չկան: Հարձակումը բարդանում է նրանով, որ ահաբեկիչները քաղաքի շուրջ մեծ քանակությամբ ականներ ու պայթուցիկ սարքեր են տեղադրել: