
«Ադրբեջանի քայլը Ալիևի` ԱՄՆ տապալված այցի արդյունք է». Տարասով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն ԱՄՆ և բանակցությունները պետքարտուղար Ջոն Քերիի հետ չտվեցին ադրբեջանական կողմի ակնկալած արդյունքները: Դրանով է «Արմենպրես»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեկնաբանում ադրբեջանական կողմի արձագանքը և սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: «Պատճառն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրականապես խուսափում է օգտագործել «տարածքային ամբողջականություն» եզրույթը: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայտնվում են միջազգային մեկուսացման մեջ: Չեմ կ արծում, որ մեծ պատերազմ կբռնկվի, Ալիևը պարզապես ուզում է կենտրոնացնել ուշադրությունն իր վրա, որպեսզի միջազգային հանրությունը սկսի զբաղվել ղարաբաղյան հարցով այնպես, ինչպես զբաղում է ուկրաինական խնդրով»,- հավելեց քաղաքագետը:
Տարասովի կարծիքով` ադրբեջանական կողմի ակտիվությունը կարող է լինել հնարք՝ շեղելու ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակից: Եվ այս ամենը կատարվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: «Սա կարող է իրավիճակը ապակայունացնող լուրջ նշան լինել, և խոսքը միայն Անդրկովկասի մասին չէ»,- նշեց Տարասովը:
Նրա դիտարկմամբ` եթե կայուն զինված հակամարտությունները շարունակվեն, պատկերն անհանգստացնող կլինի, իսկ եթե հաջողվի տեղայնացնել՝ սցենարը կփոխվի: Դա կնշանակի, որ բանակցային գործընթացն ընդհատվել է, և միջազգային հանրությունը կփորձի սառեցնել կոնֆլիկտը: Այնուամենայնիվ, Տարասովն ասաց, որ հետևանքների մասին առայժմ բարդ է խոսել, պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը: