«Վիճակը տևելու է այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը կհասկանա, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը». Թևան Պողոսյան
Ղարաբաղաադրբեջանական սահմանում Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են այն «սառն» ընդունելությամբ, որ Իլհամ Ալիևը ստացավ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ի. Ալիևը փորձել է մինչև իր ամերիկյան այցելությունը մի քանի քայլերի գնալ, սակայն նա, կարծես, Վաշինգտոնում սառն ընդունելության է արժանացել:
«Ալիևը բաց է թողել մի խումբ քաղբանտարկյալների, լրագրողների, հ/կ-ների ներկայացուցիչների, և իրեն թվում էր, թե դա բավարար պետք է լինի, որ իր ուզածներն այնտեղ կարողանա անցկացնել: Ինձ թվում է՝ այն սառն ընդունելությունը, որ ինքը տեսավ Վաշինգտոնում, և իր սխալ քաղաքականությունը, որ չհանդիպեց համանախագահների հետ՝ չընդունելով որևէ մոտեցում վստահության միջոցների բարձրացման համար միտված առաջարկներին, վստահ եմ, որ Ալիևի այս մերժումներն ունեցել են համապատասխան գինը, և ինքը հիմա փորձում է վիճակն այս իմաստով լարել, մեղքը գցել հայկական կողմի վրա, որ հետո ասի՝ «տեսեք, ես ո՞նց հանդիպեի այդ տեսակի վարքագիծ ունեցող մյուս կողմի հետ»»,- նշեց Թ. Պողոսյանը:
Նա կարծում է, որ այն տեղեկությունը և այն գործողությունները, որ այսօրվա դրությամբ մեր բանակը ձեռնարկել է և արել է, թույլ չեն տալու՝ Ալիևի հաշվարկները կյանքի կոչվեն:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչքա՞ն կտևի այս վիճակը, պատգամավորը պատասխանեց, որ այս վիճակը տևում է 1994 թվականից, ու ինքը միշտ ասում է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ու ապրենք այն հոգեբանությամբ, որ մեր պատերազմը չի ավարտվել և շարունակվում է. «Իսկ վիճակը տևելու է այնքան ժամանակ, մինչև միջազգային հանրությունը կհասկանա, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և թույլ չտան ադրբեջանական ագրեսիային և ադրբեջանական քաղաքականությանը՝ առաջ ընթանա: Մինչ այդ մենք պետք է կարողանանք պատրաստ լինել այս վիճակներին, իսկ թե ինչքա՞ն դա կտևի, որևէ մի հաշվարկներով չի տեղավորվում՝ այն իմաստով, որ չկա այդպիսի փորձ»: