«Պետք է վերջնական գնահատական տրվի և հանվի այդ հավասարության նշանը».Վահրամ Բաղդասարյանը` Վլադիմիր Պուտինին
Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունները հերթական ահաբեկչական ակտն է, արհամարհանք Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին, արհամարհանք միջազգային կառույցների հորդորներին, և սա որերորդ անգամ զուգադիպում է կարևորագույն միջոցառումների, որոնց մասնակցում են երկրների նախագահները, և Ադրբեջանը ցուցադրում է իր ագրեսոր կարգավիճակը: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով նախորդ գիշեր Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների մասին, երբ հարձակումների թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։
Ըստ Վ.Բաղդասարյանի` սա Ալիևի սադրիչ քաղաքական գործունեությունն է, սակայն իրավիճակը շատ կարճ ժամանակում կշտկվի. «Հայկական և ղարաբաղյան բանակը ոչինչ չեն խնայի, որպեսզի իրավիճակն արագ կարգավորվի: Հակառակ դեպքում՝ նրանք անկանխատեսելի դեպքերի ականատես կլինեն: Ադրբեջանը որերորդ անգամ «ոչ» է ասում խաղաղ կարգավորմանը, գնում է ագրեսիայի և ահաբեկչության»:
Ի պատասխան մեր դիտարկման, որ ՌԴ նախագահ Պուտինը հակամարտության 2 կողմերին էլ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել զսպվածություն, այսինքն` Ադրբեջանին չի առանձնացնում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ, ի վերջո, պետք է վերջնական գնահատական տրվի և հանվի այդ հավասարության նշանը.
«Ադրբեջանական մամուլը ողողված է ապատեղեկատվությամբ, ինձ թվում է՝ արդեն հետազոտությունները կատարվում են, կճշտվի և ի հայտ կգա ահաբեկիչը, որը Ալիևի ստոր քաղաքականությունն է: Ինձ թվում է, որ այդ հորդորներից հետո կլինեն նաև ուսումնասիրություններ, և իրականությունը կպարզվի: Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ, մենք կողմնակից ենք խաղաղ բանակցային գործընթացին, մենք պետք է իրավիճակը կարգավորենք, և միջազգային կառույցները պետք է իրենց գնահատականները տան: 94 թ.-ից հետո նման լայնածավալ գործողություններ չեն եղել, և արդեն ցայտնոտի մեջ գտնվող արդբեջանական կողմն իր ստոր քայլերով ցանկանում է իրավիճակը խախտել, ամբողջ աշխարհը բազմիցս ականատես է եղել, որ նա պատրվակ է գտնում խուսափելու ՄԽ-ի հետ հանդիպումներից, խուսափում է միջազգային կառույցների խաղաղ կարգավորման հորդորներից: Եվ սա դրա ցայտուն վկայությունն է, որ նրանց նպատակները լրիվ այլ են»:
Հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանը չդադարեցնի կրակը, և ռազմական գործողությունները երկարատև ու ավելի լայնամասշտաբ դառնան, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք կստիպենք, որ դադարեցնեն, հակառակ դեպքում, եթե պետք է սպասենք նրանց կամքին, ինձ թվում է՝ այդպես շարունակական կլինի: Բայց ես համոզված եմ, որ կարճ ժամանակում մեր գործողությունների արդյունքում կկարգավորվի, և սպասում ենք միջազգային կառույցների միջամտությանը: Մեր ՊՆ-ն ու ԱԳՆ-ն սիստեմատիկ կապերի մեջ են միջազգային կառույցների հետ, և շուտով արձագանքը կլսենք»: