«Այն, ինչ անում է ԻԳԻԼ-ը քրիստոնյաների դեմ, նույն բանն անում է Ալիևը». Էդուարդ Շարմազանով
«Ադրբեջանի գործողությունները բացահայտ ահաբեկչություն են Արցախի ժողովրդի, բացահայտ ահաբեկչություն են Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր պետության, և բացահայտ ահաբեկչություն են բանակցային գործընթացի նկատմամաբ: Սա դատապարտելի և անթույլատրելի արարք է և ողջ պատասխանատվությունը, նաև մադկային կորուստների, ընկնում է բացառապես Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության վրա: Գուցե սա նաև արդյունք է այն անհասցե հավասարության նշան կրող գնահատականների, որոնք մերթ ընդ մերթ հնչել են միջազգային հանրության կողմից: Եվ հուսով եմ, որ գոնե այս անգամ միջազգային հանրությունն իր մեջ ուժ կգտնի և հստակ կդատապարտի և ոչ միայն խոսքերով, այլ նաև լուրջ պրեսինգի միջոցներով Ադրբեջանի ապակառուցողական և հանցագործ իշխանություններին, որոնք լուրջ ապակայունացման գործոն են մեր տարածաշրջանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսված թեժ մարտերը:
Մեր հարցին, թե Վաշինգտոնում հանդիպումների ազդեցությունն ինչպիսի՞ն է, ի՞նչ է ասվել Ալիևին, որ Ադրբեջանը նոր ուժով է ագրեսիա դրսևորում, Է.Շարմազանովը պատասխանեց, որ լիովին համամիտ է ՀՀ ԱԳՆ խոսնակի գնահատականի հետ:
Տիգրան Բալայանը, հիշեցնենք, թվիթերյան իր էջում գրել է, որ ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո:
«Եվ, բնականաբար, մենք դա տեսանք, որ բանակցային գործընթացի ողջ տրամաբանության գոնե վերջին շրջանում Ադրբեջանը դեմ էր այդ տրամաբանությանը: Եվ Ադրբեջանն է բացահայտ հանդես գալիս, ոչ միայն թշնամանք հրահրում հայ ժողովրդի, արցախհայության, Հայաստանի նկատմամբ, այլ նաև գործը հասել էր նրան, որ Ալիևը բացահայտ մեղադրանք է հնչեցնում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլ նաև ողջ Եվրոպային` մեղադրելով Եվրոպային իսլամաֆոբիայի մեջ: Եվ սա դրա արդյունք է` Ալիևի նման գնահատակնների, որ նա փորձեց կրոնական երանգ հաղորդել այս կոնֆլիկտին, նա ուղիղ մեղադրեց ՄԽ համանախագահներին ԵԽ ԽՎ բանաձևերի համար, նա ձեռնոց նետեց եվրոպական քաղաքակրթությանը, և մի որևէ լուրջ արձագանք չեղավ, միայն ընդհանուր արձանագանք էր: Դրա պատասխանն էլ սա է լինելու: Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործներ և նոր ուռոդներ մարդկության գլխին: Եվ մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ: Սա նաև անպատժելլիության արդյունք է»,- ասաց Է.Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ առաջարկած հրադադարի պաշտպանության միջազգային մեխանիզմը կփոխի՞ իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում, Է.Շարմազանով պատասխանեց` «Ես պատրաստ չեմ որևէ բան ասել, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը հավասարապես մեղադրել է բոլոր երեք համանախագներին»:
Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ալիևի մեղադրանքների սլաքն ուղղել է ԱՄՆ-ի կողմը, Է.Շարմազանովը նշեց, որ անկախ այլ կողմերից հնչող գնահատականների, Ալիևն առանց բացառության մեկ անգամ չէ ՄԽ համանախագահությանը շատ կոպիտ գնահատականներ տվել և, երկորրդը, եվրոպական քաղաքակրթությանը մեղադրել է, որ նրանք պաշտպանում են քրիստոնյաներին` հայերին, իսկ իրենք մահմեդական են.
«Անթույլատրելի է 21-րդ դարում, ահաբեկչության այս վտանգի առկայության պայմաններում ևս մի նոր ահաբեկչական տիրույթ, ևս մեկ ահաբեկչական օջախ: Այն, ինչ անում է ԻԳԻԼ-ը քրիստոնյաների դեմ, նույն բանն անում է Ալիևը: Նման գնահատականներ, երբ փորձում է հանցագործ այս ամեն ինչը բերել և կրոնական երանգ հաղորդել, ուղղակի մեղադրում է և՛ ՄԽ համանախագահներին, և՛ եվրոպական հանրությանը, որ իբր նրանք քրիստոնյա են ու դրա համր են Հայաստանին պաշտպանում և որևէ տեղ հստակ չկարդացի, որ եվրոպական որևէ մի պաշտոնյա, կամ ՄԽ համանախագահները նստեցնեն Ալիևին իր տեղը, դրա համար էլ այսպես պետք է լիներ, նաև դա է պատճառը»:
Ըստ Է.Շարմազանովի` այժմ միջազգային հանրությունը շատ խիստ ու կոշտ ձևով պետք է արձագանքի, պետք է հասկանա, որ ահաբկչության ևս մեկ օջախ է ծնվում Հարավային Կովկասւմ` ի դեմս Ադրբեջանի: