Բաժիններ՝

Ակնհայտ սուտ մատնության ևս մեկ դեպք. ոստիկանը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց 10 շենքի մոտից ոստիկանության ծառայողներն իրեն և ընկերուհուն՝ Սուսաննա Ս.-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու համար նստեցրել են պարեկային ավտոմեքենան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկան Գագիկ Ա.-ն հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Լուսիկ Կ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Մասնավորապես՝ Լուսիկ Կ.-ն, որպես տուժող լրացուցիչ ցուցմունքով հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Գագիկ Ա.-ն իրականում իրեն չի հարվածել և մարմնական վնասվածքներ չի պատճառել: Ավելին՝ դեպքի օրը, մինչև ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելը, ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոստիկանության հիշյալ բաժնում գտնվելու ժամանակ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, իսկ ձեռքի շրջանում մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելիս` ոստիկան Գագիկ Ա.-ին չենթարկվելու պատճառով վերջինիս կողմից իրավաչափ հարկադրանք կիրառելու արդյունքում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Լուսիկ Կ.-ի արարքում առերևույթ կան ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս