
«Հնարավոր է, որ Ալիևին ինչ-որ բան բացատրել են և, այլ ճանապարհ չունենալով, դիմել է այդ քայլերին»

«Ակնհայտ է, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ուներ ներիշխանական, նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը և հատկապես նավթի շուկայում միջազգային գոծընթացներն այլևս թույլ չեն տալու Ադրբեջանին հսկայածավալ գումարներ ներդնել ռազմատենչ գործունեության և զենքերի գնման համար, իրենց համար ինչ-որ բան փոխելու նպաստավոր ժամանակը այս պահն է: Եվ իրենք այս իրավիճակից փորձում են դուրս գալ հենց այսպիսի քայլերով, որը միանշանակ անթույլատրելի և դատապարտելի է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսված թեժ մարտերի մասին:
Ա.Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ ցանկացած պարագայում հայկական զինված ուժերն ի զորու են ամենահամարժեք պատասխանը տալու և մենք համախմբված, միասնական գործողություններով ըստ անհրաժեշտության կարող ենք նաև շատ մեծածավալ հաջողությունների հասնել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանի այս ագրեսին Վաշինգտոնում հանդիպումներից Ալիևի դժգոհության հետևանքն է, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ Ալիևին ինչ-որ բան բացատրել են և, այլ ճանապարհ չունենալով, դիմել է այդ քայլերին»: