ՀՀԿ-ական պատգամավորը զգուշացրեց կառավարության անդամին
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի կառավարությանը նոր վարկ կտրամադրի՝ 21 մլն ԱՄՆ դոլարի չափով: Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ով համաձայնագրի շրջանակներում հանդես է գալիս հին պաշտոնով՝ ֆինանսների նախարարի տեղակալ, ներկայացրեց 2015թ. նոյեմբերին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի պայմանները: Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:
Ըստ Միրումյանի՝ վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով, ընդհանուր գումարից 7 մլն դոլարը կհատկացվի տեղեկատվական բազայի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ամբողջովին արտացոլել պետության պարտավորություններն ու ակտիվները: Այս նպատակով ևս 8 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՌԴ կառավարությունը:
«25 տարի անց ո՞վ է պատասխան տալու այս վարկի համար, նրա արդյունավետ գործածության, շոշափելի արդյունքների համար, թե՞ սա ընդամենը պահի խնդիր է լուծում: Նաև ուզում եմ իմանալ՝ 2045թ. որքա՞ն է կազմելու տոկոսների ամբողջական գումարը»,- հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տարակուսեց, թե մեր երկրում իրո՞ք գործում է «Պետական հատվածի արդիականացման» հանձնաժողով: Ըստ նրա՝ անտրամաբանական է, որ խորհրդատվության և ուսուցումների համար տրամադրվի վարկի 1/6-ը՝ շուրջ 100 հազար դոլար, ինչն ահռելի գումար է: Ս.Ֆարմանյանը Միրումյանին զգուշացրեց, որ ԱԺ լիագումար նիստում այս համաձայնագիրը խիստ քննադատվելու է, իսկ անձամբ ինքը դեմ է քվեարկելու. «Սա պետական պարտք է դառնում, մենք հասարակական կազմակերպություն չենք, որ դրամաշնորհ լինի: Ես կարծում եմ, որ սա ոչ թե վարկ պետք է լինի, այլ համաֆինանսավորում»:
Վ.Միրումյանը հիմնավորեց, որ ծրագիրն անհրաժեշտ է բյուջետային ծրագրավորման անցնելու հետ կապված, որի համար շատ կարևոր է տեղեկատվական բազայի գործարկումը:
Հանձնաժողովականներն այնուամենայնիվ դրական եզրակացություն տվեցին վարկային համաձայնագրին, այն մտավ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: