Կարմիր ժենշենը կարող է մարդու մոտ կանխարգելել ՁԻԱՀ-ի զարգացումը. գիտնականներ
Կարմիր ժենշենից պատրաստուկը (հոնսամ) կարող է կանխարգելել մարդու մոտ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) զարգացումը: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի հետազոտողներն Ուլսանի «Ասան» բժշկական կենտրոնից՝ պրոֆեսոր Չո Յոն Գիլի գլխավորությամբ, գրում է Korea Times թերթը:
Գիտնականներն օրինակ են բերում հիվանդներից մեկի դեպքը, որը, ինչպես նա է պնդում,1985 թվականին վարակվել է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Այդ ժամանակից ի վեր տղամարդը ոչ մի կարգի յուրահատուկ դեղորայք չի ընդունել՝ ամեն օր գործածելով սոսկ 12 դեղապատիճ չորացրած ժենշեն: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում Է 500 մգ հրաշագործ արմատ՝ մի քանի ժամ եփված գոլորշիով եւ ապա չորացված 50 աստիճան ջերմաստիճանում:
«Արդեն 31 տարի է, ինչ հիվանդի մոտ ՁԻԱՀ-ի զարգացման նշաններ չկան»,- նշում են հետազոտողները: Նրանց տվյալներով՝ աշխարհում արձանագրված են ընդամենը մի քանի դեպքեր, երբ ՄԻԱՎ-ախտահարվածներն ապրել են ավելի քան 30 տարի՝ չընդունելով դեղորայք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կյանքի միջին տեւողությունը, որոնք դեղորայք չեն ընդունում, կազմում է 11 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: