Հինգերորդ թշնամին
Գյուղատնտեսության մասին նյութ գրելուց երբեք չեմ հոգնի խորհրդային անեկդոտը վերապատմել։ Ըստ այդ անեկդոտի՝ գյուղատնտեսությունը չորս թշնամի ունի՝ գարունը, աշունը, ամառը և ձմեռը։ Անկախության շրջանում էլ թվում էր, թե գյուղատնտեսության համար, լայն իմաստով, ոչինչ չի փոխվել։ Գարնանը միշտ անհարկի ցրտահարություններ են լինում։ Բոլորը խոսում են վնասների ու կորած բերքի մասին։ Ամռան հիմնական բնութագիրը չորային լինելն է՝ ոռոգման ջուրը չի բավարարում։ Չի բավարարում փրկված բերքն աճեցնելու համար։
Աշնան ամենածանր խնդիրը փրկված, անջրդի պայմաններում աճեցված բերքի մթերումն է։ Իսկ ձմռանը հիմնական բարդությունը գյուղացու և հարազատ կառավարության տիտանական ջանքերով մթերված բերքի դիմաց գումար ստանալն է։ Ու այսպես՝ համարյա ամեն տարի։ Բայց անցած տարին բոլոր առումներով ռեկորդային էր։ Որքան էլ տարօրինակ թվա՝ գարնանն ապագա բերքը ցրտահարվեց, ամռանը բավարար չջրվեց, բայց աշնանը ռեկորդային քանակով բերք հասունացավ։ Գյուղացիները մայրուղիներ էին փակում, որ կառավարությունը հնար գտնի բերքի մթերման համար։
Մթերված բերքի դիմաց գումարն առ այսօր չի վճարվել գյուղացուն։ ՈՒ հանկարծ պարզվեց, որ չորս թշնամիների շարքում լուրջ համալրում է տեղի ունեցել։ Այսինքն՝ հայտնվել է գյուղատնտեսության հինգերորդ թշնամին, որին բացահայտեց ՀՀ Վերահսկիչ պալատը։ Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ բացահայտումն անսպասելի էր։ Հարազատ իշխանությունները հաստատ տեղյակ էին այդ մասին։ Տեղյակ էին, բայց խնամքով թաքցնում էին հասարակությունից ու, մասնավորապես, նրա մի հատվածից՝ գյուղացիներից։ Չնայած, որ անցած տարի մայրուղիների փակման առիթով պարբերաբար կայացող գյուղացի-իշխանություն հանդիպումներին ուշադիր հետևողների մոտ կասկած էր առաջացել, որ մեր գյուղատնտեսությունն ունի հինգերորդ և ավելի զորեղ հակառակորդ։
Մարտի 16-ին ՀՀ Վերահսկիչ պալատը հրապարակեց իր «Ընթացիկ հաշվետվությունը»՝ շատ երկար վերնագրով՝ «ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող միջոցների կառավարման օրինականության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ»։
Բուն հաշվետվությունն էլ կարճ չէր՝ 40 էջ։ Վերահսկիչ պալատում վերցրել ու վերահսկել էին «ՀՀ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը։ Վերահսկել ու պարզել էին, որ 2013թ. ավարտին պահեստներում մնացել էր՝ 35,5 մլն դրամի, իսկ 2014թ. ավարտին՝ 27,3 մլն դրամի պատվաստանյութեր։ Բայց պարզվում է՝ դրանք նոր սկսվող տարվա բյուջեի մեջ չեն ներառվել։
Մի իրական դեդեկտիվ հիշեցնող պատմություն են հայտնաբերել, երբ փորձել են պարզել՝ երբ, ումից և ինչ գնով են ձեռք բերվել պատվաստանյութերը։ Գյուղնախարարությունը պատվաստանյութեր ձեռք է բերել թվով 6 կազմակերպություններից։ Ընդ որում, 5 կազմակերպություններ միասին ներմուծել ու Գյուղնախարարությանը տրամադրել են պատվաստանյութերի 4,5 տոկոսը, իսկ մեկը՝ «Ամասիա» ՍՊԸ-ն՝ 95,5 տոկոսը։ Ակնհայտ է, որ հինգ կազմակերպություններին պատվերներ տրվել են տպավորություն ստեղծելու համար, որ հարցի շուրջ կազմակերպվել են մրցույթներ ու պահպանվել են օրենքով պարտադրվող մյուս մանր-մունր պահանջները։
Բայց, երբ ՀՀ Վերահսկիչ պալատն անհրաժեշտ փաստաթղթեր է պահանջել, «Ամասիա» ՍՊԸ-ն, մեղմ ասած, մերժել է դրանք տրամադրել։ Եթե դուք կարծեցիք, թե սա էր պատվաստանյութերի մատակարարման ու բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսերի մասին ամենասահմռկեցուցիչ պատմությունը, ուրեմն չեք կարդացել Վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունը։ Այնտեղ ֆինանսական մեքենայությունների (այս հրաշալի բառը հնարավորություն տվեց խուսափել «պետական միջոցների յուրացում ու վատնում» տերմինից) ավելի ճոխ օրինակներ կան։ Բայց անձամբ ինձ ամենաշատը զարմացրեց հետևյալ փաստը՝ «2014-2015թթ. ընթացքում ՀՀ Գյուղնախարարության կողմից ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել (ՀՀ-ում բացակայում են որակի ստուգման համապատասխան լաբորատորիաները)»։
Միայն թե չասեք, որ այս նախադասությունը կարդալուց հետո ձեզ կհետաքրքրի, թե ինչ պայմաններում են պահվել որակի ստուգում չանցած պատվաստանյութերը։ Մի՞թե պարզ չէ, որ դրանք պահպանվել են սմենասովորական նկուղի ամենասովորական պահարանում։
Փաստորեն, բաց տեքստով ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտեց, որ ՀՀ գյուղատնտեսության հինգերորդ թշնամին (կամ, արդի բառապաշարով ասած՝ չուզողը) ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն է։ Եթե չեք հավատում՝ փնտրեք Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքում սույն հաշվետվությունն ու կարդացեք։ Կարդացեք ու համոզվեք։