«Համատեղ հեշտ կլինի հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ժամանակակից կյանքը մեզ մատուցում է». Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնա Եվրամիությունից ոչ վատ կառույց: Նման տեսակետ է այսօր հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հայտնում է BELTA-ն: «Մենք հետադարձ ճանապարհ չունենք: Մենք պետք է կատարելագործենք Եվրասիական տնտեսական միությունը՝ ստեղծելով ԵՄ-ից ոչ վատ կառույց: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց աչքերում կներկայանանք՝ որպես շատախոսներ»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նկատել է, որ սեղմ ժամկետներում ստեղծված ԵՏՄ-ն բավականաչափ հաջողություններ է գրանցել, «սակայն չլուծված հարցերն ու թերությունները, որոնք հարկավոր է լուծել, բազմաթիվ են, այդ պատճառով էլ պետք է ջանք գործադրեն բոլորը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ մինչև նախագահներ ու վարչապետներ, որպեսզի բարձր մակարդակի բարձրացնեն ԵՏՄ-ի ֆունկցիոնալությունը»:

«2015թ. Բելառուսը նախագահել է ԵՏՄ-ում ու առաջարկել է միության զարգացման գործողությունների պլան, սակայն բազմաթիվ հարցեր, տարբեր պատճառներով, այդպես էլ չի հաջողվել լուծել: Ինչ-որ տեղ և մենք ենք լրջորեն թերացել, անորոշությունը շատ էր: ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցությունը նույնպես իր հետքն ունեցավ, մենք ստիպված էինք հարմարվել»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ դա մասամբ կապված է եղել ԵՏՄ-ի կազմի ռոտացիայի հետ: Չնայած այդ ամենին՝ նա լավատեսություն է ցուցաբերել՝ կապված ԵՏՄ-ի ապագայի նկատմամբ:

«Կյանքը մեզ կստիպի շատ արագ շարժվել մեր միության կայացման, այն բանաձևի կառուցման պլանում, որի մասին միշտ խոսել ենք, որպեսզի մեր ազգային սահմաններում իսկապես ազատություն լինի՝ թե´ շուկաներում, թե´ կապիտալի, թե´ աշխատուժի, որպեսզի մեր ազգային խնդիրները չխանգարեն ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանն ու այն հարցերի լուծմանը, որոնք մեր առաջ ծառացած են»,- վստահություն է հայտնել վերջինս:

Կարդացեք նաև

Իր հերթին՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշխատանք է տարվել միասնական տնտեսական տիրույթի ստեղծման ուղղությամբ, մեծ փորձը կօգնի նոր խթան հաղորդել ինտեգրացիոն գործընթացներին, «որպեսզի մեր քաղաքացիները, մեր բիզնեսը զգան իրական ազդեցությունը»:

Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել նաև աշխարհում կատարվող լուրջ վերափոխումների վրա, որոնք նոր մարտահրավերներ են եվրասիական ինտեգրման համար:

«Համատեղ հեշտ կլինի հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ժամանակակից կյանքը մեզ մատուցում է»,- կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ բելառուսական նախագահության ժամանակ որոշված առաջնայնությունները չեն կորցնում իրենց արդիականությունը, միաժամանակ՝ նշել է, որ դեռ շատ բան կա անելու:

Տեսանյութեր

Լրահոս