Հ/կ-ներն այսօր կորոշեն՝ մասնակցելո՞ւ են «4+4+4» ֆորմատով բանակցություններին, թե՞ ոչ. «Տրամադրվածությունները տարբեր են»
«Քննարկումներն այսօր երևի կավարտվեն, որոշումը կհայտարարենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է` մոտ 20 հասարակական կազմակերպություններ քննարկումներ են անցկացնում այն մասին, թե որքանով է նպատակահարմար մասնակցել Ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված «4+4+4» ֆորմատով բանակցություններին, և եթե մասնակցեն՝ ինչ կազմով են ներկայանալու:
– Հ/կ-ների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է՝ կմասնակցե՞ն, ի վերջո, այդ քննարկումներին, թե՞ ոչ:
– Տարբեր են, հ/կ-ներ կան, որոնք կատեգորիկ ընդունում են, որ կարելի է մասնակցել, հ/կ-ներ կան, որ երկմտանքի մեջ են, կան, որ դեմ են:
– Կոնկրետ Ձեր կազմակերպությունն ի՞նչ դիրքորոշում ունի:
– Մեր կազմակերպությունը գտնում է, որ դա հարթակ է՝ կարելի է օգտագործել, եթե առաջարկություններ ունենք, և հնարավորություն կա լսելու մեր առաջարկները, կարող ենք ինչ-որ չափով նպաստել, որ բարելավվի Օրենսգիրքը: Մենք գտնում ենք, որ, եթե աշխատանքային հարթակ է, պետք է օգտագործենք:
– Եթե որոշում կայացվի, որ մասնակցությունը ճիշտ է, հստա՞կ է՝ ո՞ր հ/կ-ներն են ներկայացնելու քաղհասարակությանը:
– Եթե որոշվի, որ մասնակցելու են, ապա արդեն կհրապարակվի, թե ովքեր կմասնակցեն:
– Իշխանությունների կողմից մինչ այսօր եղե՞լ է առաջարկ կոնկրետ հ/կ-ների՝ այդ բանակցություններին մասնակցելու համար:
– Չի եղել իշխանությունների կողմից, և չենք էլ տեսնում, որ իրենք պատրաստակամ են, անցյալ անգամ Ազգային ժողովի լսումները հակառակն ապացուցեցին, ինչ-որ պայմաններ են առաջարկում իշխանությունները: Այսինքն՝ այնպես չէ, որ այս գործընթացը սկսվել է կամ ինչ-որ տեղ է հասել, որևէ զարգացում չկա, կա ընդամենը նման գաղափար:
– Իսկ առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ բանակցություններից:
– Անկեղծ ասած՝ չգիտեմ, անգամ ֆորմատը գիտեմ՝ ինչպես պետք է աշխատեն: Մյուս կողմից ասացին, որ այդ խումբը որոշումներ ընդունող չէ. ամեն ինչ շատ անորոշ է: