Վրաստանն ու Հայաստանը քննարկելու շատ հարցեր ունեն

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վերջինիս կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը, ապա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները:

Այցի օրակարգի մասին Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունները մանրամասներ չեն հաղորդում: 168.am-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն նշեց, որ Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները շատ հարցեր ունեն քննարկելու, քանի որ աշխարհը գտնվում է լրջագույն փոփոխությունների փուլում:

Ըստ Ցինցաձեի` վստահաբար կարելի է ասել, որ հանդիպման կիզակետում, բացի ավանդական, բացառապես երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներից, լինելու են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, որոնց վերաբերյալ ճիշտ է մտքերի փոխանակությունը: «Կարծում եմ՝ նախարարներն անպայմանորեն անդրադառնալու են Մերձավոր Արևելքում տիրող լարվածությանն ու վերջին զարգացումներին, ձեռք բերված համաձայնությանը, ՌԴ կոնտինգենտի դուրսբերմանը, քանի որ այդ անկայունության օջախը մեր երկրների հարևանությամբ է գտնվում, ուստի պետք է մեր իշխանություններն իրենց «ձեռքերը պահեն մերձավորարևելյան զարկերակի վրա», ինչո՞ւ ոչ` միմյանց դիրքորոշումները քննարկեն ու համաձայնեցնեն: Կանդրադառնան նաև ահաբեկչական սպառնալիքին և հարցին` որքանո՞վ կա նման սպառնալիք Հայաստանի ու Վրաստանի դեպքում»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Վերջինիս համոզմամբ՝ օրակարգի կենտրոնում են լինելու Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն Իրանի հետ: «Տարածաշրջանում Իրանը նոր դեր է ստանձնում, նոր էներգետիկ ենթակառուցվածքների է հավակնում, նոր պրոյեկտների մասին խոսում, որոնցում ներգրավված են նաև Հայաստանն ու Վրաստանը: Իրանի իշխանությունները գազային նոր սխեմաներ ևս առաջարկել են Հայաստանին ու Վրաստանին: Ուստի հասկանալի է, որ Հայաստանն ու Վրաստանը շատ հարցեր ունեն քննարկելու՝ այս թեմայի հետ կապված»:

Մեզ հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է քննարկեն էներգետիկ նախագծերն Իրանի հետ: «Վրաստանում վերջին ամիսների ընթացքում գազային աղմկահարույց բանակցություններ տեղի ունեցան, որոնք բնակչության մեծամասնության համար կարծես ընդունելի լուծում ստացան, սակայն այդ ընթացքում հայտարարվեց, որ Իրանը ևս կարող է գազ մատակարարել Վրաստանին: Կարծում եմ, որ Հայաստանի ու Վրաստանի համար սա ուշագրավ հայտարարություն էր, որն այն ժամանակ բավարար ուշադրության չարժանացավ: Կարծում եմ` այդ թեմայի շուրջ շատ աշխարհաքաղաքական հարցեր ու դետալներ պետք է քննարկեն մեր երկրները»,- ասաց նա: Վրացի վերլուծաբանի կարծիքով՝ բացի գազը, Իրանի հետ այլ հաղորդակցական ուղիների հնարավորության մասին հայտարարություններ են հնչել, որոնք ևս բարձր մակարդակի քննարկումների կարիք ունեն:

Տեսանյութեր

Լրահոս