Բաժիններ՝

«Եթե խախտվել է ԵՏՄ օրենքը, ապա գումարները պետք է ետ վերադարձվեն»

ՀՀ Ազգային ժողովն օրերս ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը. ֆիզիկական անձինք կարող են մեկ տարվա ընթացքում ԵՏՄ-ից մեքենա տեղափոխել Հայաստան, և այդ դեպքում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չի գանձվի:

Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան այս տարվա փետրվարի 9-ին հայտարարել էր, թե ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից 20 տոկոս ԱԱՀ գանձելը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: «ԵՏՄ ներսում ոչ տարիֆային պատնեշներ դե յուրե չկան:

Պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ տարիֆային պաշտպանության միջոցներ: Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետություններն ամբողջովին, հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում մեզ մոտ հստակ չէ իրավակիրառ պրակտիկան»,- մասնավորապես, ասել էր նա:

Արդեն փետրվարի 25-ին կառավարությունը հաստատեց օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրենքով դա պետք է վերացվեր 2017թ. հունվարի 1-ից, սակայն իրենք կրճատում են այդ ժամկետը: Նախագծի քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին այն մասին, որ մինչ այժմ ԱԱՀ-ի գանձումն անօրինական է եղել, և այն վճարած քաղաքացիներին գումարները պետք է ետ վերադարձվեն:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք մինչ այժմ վճարած քաղաքացիները դատարան դիմելու և իրենց օգտին դատական ակտ ստանալու հնարավորություն ունե՞ն, Արա Ղազարյանն ասաց.

«Պետք է որ հնարավորություն ունենան, դա անիրավաչափ վարչարարություն է եղել: Պետությունը ոչ միայն անօրինական գումարներ է գանձել, այլև հասարակությանը չի տեղեկացրել, որ նման կարգ կա: Եվ մինչև հիմա էլ դրա վերաբերյալ չի հնչել որևէ ողջամիտ բացատրություն: Ինչպես գիտեք, մենք այդ մասին տեղեկացանք ռուսական աղբյուրներից: Վարչարարությունը քաղաքացիներին հնարավորություն տալիս է վարչական կարգով դիմել, և իրենց վնասները (իսկ դա վնաս է) փոխհատուցվեն: Այդ հնարավորությունը կա: Պարզապես քաղաքացիները պետք է փորձեն, և տեսնենք, թե մեխանիզմն ինչպես կաշխատի: Դա գույքային իրավունքին անօրինական միջամտություն է, գումար է գանձվել: Մեխանիզմները կան, պետք է պարզապես արվի»:

Նա նշեց, որ բոլոր դեպքերում քաղաքացին պետք է դիմի՝ նշելով, որ վնաս է կրել. «Իրենից վերցրել են X գումար, իսկ X գումար վերցրել են, որովհետև օրենքի տառը խախտվել է: ԵՏՄ-ի կարգավորող նորմերը մենք դարձնում ենք մեր ներպետական իրավունքը կարգավորող նորմ: Նորմը չի կիրառվել, նշանակում է՝ օրենքը խախտվել է: Անպայման չէ՝ օրենքն ընդունված լինի Ազգային ժողովի կողմից: Երբ ասում ենք՝ օրենք, ես լայն եմ վերցնում, այն նորմատիվ ակտ է, որով պետությունն առաջնորդվում է: Հիմա՝ այդ նորմատիվ ակտի տառը խախտվել է, ուրեմն օրինականության սկզբունքն է խախտվել: Պարզապես «օրինականություն» բառը լայն ենք մեկնաբանում»:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացիները, ովքեր նախկինում ԵՏՄ տարածքից Հայաստան մեքենա են տեղափոխել, պետք է դիմեն դատարան՝ պահանջելով վճարված գումարները. «Ուրիշ տարբերակ չկա: Պետությունը կամավոր չի զանգահարի ամեն մեկին և ասի՝ արի, ավելացած գումարը ստացիր, մենք պատրաստ ենք վճարել քեզ: Ոչ: Ամեն քաղաքացի պետք է դիմի դատարան՝ իր վճարած գումարը հետ պահանջելով: Դատարանը վճիռը կկայացնի, վճիռներով ամեն մեկը կուզի իր գումարը»: Նա նշեց, որ, եթե խախտվել է ԵՏՄ օրենքը, ապա գումարները պետք է ետ վերադարձվեն: «Դատարանը պետք է դրական վճիռներ կայացնի: Հստակ: Եթե օրենքի խախտում է, մատնանշում են այդ հոդվածը, կետը ու գումարներ պահանջում:

Բայց փաստաթղթերը պետք է ունենան: Հենց այնպես չեն վերադարձնի: Փաստաթղթերը պետք է ունենան, որ մեքենան այսինչ գումարով գնել են Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից: Դեկլարացիան, վճարումները պետք է ունենան: Դատարանն էլ պետք է ղեկավարվի՝ ըստ ֆինանսական, հաշվապահական այդ փաստաթղթերի, վճարումների»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս