Բաժիններ՝

Հայկական E-Voca PROJECT-ի միջոցով օտար լեզուներ սովորելը դառնում է ավելի հեշտ և արագ

Հայկական արտադրության E-Voca PROJECT ստարտափը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել օտար լեզուներ, բայց խնդիր ունեն բառերը մտապահելու հարցում:

Բջջային հավելվածը, հենվելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումների և գիտական հոգեբանության հայտնի դրույթների վրա, թույլ կտա շատ արագ սովորել և մտապահել հարյուրավոր բառեր:

Նախագծի հեղինակը մասնագիտությամբ ուսուցիչ Գարեգին Քարհանյանն է, ով ծանոթ է բոլոր այն խնդիրներին, որ ունենում են մարդիկ օտար լեզու սովորելիս: Ելնելով աշխատանքային փորձառությունից՝ Գարեգին Քարհանյանը, հավելվածի համահիմնադիր, ծրագրավորող Գարիկ Արզումանյանի հետ, սկսում է E-Voca PROJECT-ի աշխատանքները:

E-Voca PROJECT-ը սովորական բառարան չէ, այն մի շարք աուդիո բառարաններից կազմված ծրագիր է:

Կարդացեք նաև

«E-Voca-ն շատ հաճախ շփոթում են բառարանի հետ, բայց ծրագիրը բառարան չէ, այլ բառ սովորելու գործիք: Կան հատուկ բառերի ցանկեր, որոնք թույլ կտան հանձնել միջազգային որակավորման քննությունները:

Հավելվածից օգտվելը բավականին հեշտ է: Պարզապես պետք է մեկ անգամ հարմարեցնել կարգավորումները: Հավելվածը թույլ կտա ընտրել, թե բառերը սովորելու ինչպիսի եղանակ եք նախընտրում՝ սովորել միայն բառը, համանիշները, գործածել նախադասության մեջ, քանի անգամ կրկնել բառերը, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պարոն Քարհանյանը:

Նախագիծը նախատեսված չէ միայն անգլերեն սովորելու համար: 4 լեզվով՝ հնդկերեն, չինարեն, ռուսերեն և արաբերեն, կան 500 բառերից կազմված բառարաններ՝ Toefl-ի կամ որևէ երկիր ճանապարհորդելու համար: Կա նաև 3 բառարաններ՝ 200 պարզ արտահայտություններով: Մոտ օրերս պատրաստ կլինի 1000 բառից կազմված բառարան, որտեղ կլինեն լեզվի տարրական մակարդակի բառեր՝ բաժանված մի քանի խմբի՝ տուն, կրթություն, խանութ, և այլն: Բառարանները կլինեն գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն: Ընդհանուր առմամբ, E-Voca PROJECT հավելվածն ունի մոտ 50 աուդիո բառարան:

«Ծրագիրը իրականացնելիս դիմել ենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած համաֆինանսավորման դրամաշնորհին, որտեղ 85 տոկոս ներդրումը կատարում էր հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի և Էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ, 15 տոկոսը կատարել ենք մենք: Ծրագիրը նախատեսված էր մեկ տարի: Այս մայիսին ծրագիրը կավարտվի: Եթե մենք նախատեսել էինք ունենալ 12 բառարան, այժմ ունենք 51 բառարան: Ծրագրի ավարտից հետո, եթե լինեն ներդրումներ, շատ փոփոխություններ կլինեն: Մենք նախատեսում ենք ավելացնել խաղեր, թեստեր և այլն»,- նշեց Գարեգին Քարհանյանը:

E-Voca PROJECT (1)

Նախագծի հեղինակներն ունեն ևս մեկ նպատակ՝ միջազգային մակարդակում առաջ տանել հայերենը և լեզուն հասանելի դարձնել բոլորի համար: Միջազգային շուկա դուրս գալու համար, սակայն, հավելվածում պետք է ներդրումներ անել:

Ըստ Գ. Քարհանյանի՝ հավելվածն ուղղվածություն ունի նաև դպրոցներում: Դպրոցներում այն կարող է դառնալ օտար լեզու սովորելու նորարարական միջոց:

«Ես զրուցել եմ ոլորտի բազմաթիվ մասնագետների հետ: E-Voca PROJECT-ը կարող է դառնալ հավելյալ գործիք լեզու սովորողների և դպրոցականների համար: Հատկապես 1000 բառերից կազմված բառարանները շատ կօգնեն դպրոցականներին, և ուսուցիչը կարող է հանգիստ ասել, թե՝ դասընթացի բառերը սովորեք այս հավելվածի միջոցով: Ծրագիրը կօգնի բառերը մի քանի անգամ արագ պահպանել հիշողության մեջ»:

Հիշեցնենք, որ 2015 թվականին E-Voca PROJECT-ը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող Վանաձորի համաֆինանսավորման դրամաշնորհային մրցույթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս