
«Ցանկացած պոտենցիալ ընտրակեղծարար պետք է իմանա, որ իր հանցագործությունը կբացահայտվի». Դանիել Իոնիսյան

«Ի՞նչ տարբերություն, թե աշխատակցի վրա ճնշում գործադրող հիմնարկի ղեկավարը ի՞նչ մեթոդով կիմանա՝ գնա՞ց աշխատակիցը քվեարկության, թե՞ ոչ»,- նման հարցադրում այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ արեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը՝ խոսելով ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակման մասին: Ըստ նրա՝ ցանկացած պոտենցիալ ընտրակեղծարար, ով ցանկանում է այլ անձի փոխարեն քվեարկել, պետք է իմանա, որ իր հանցագործությունը կբացահայտվի 3 օր կամ 3 ամիս անց. «Զմռսված պարկերի մեջ կան բազմաթիվ հանցագործություններ, որոնց հեղինակները հանգիստ քնում են»,- ասաց նա:
Դ.Իոնիսյանի խոսքով՝ ընտրացուցակների մաքրման հետ կապված պետք է մեխանիզմներ ստեղծվեն, բացակա անձանց հետ կապված առավել ուշադիր հսկողություն պետք է սահմանվի և նրանց անվան առջև նշում պետք է կաատարվի: Համամասնական փակ և բաց ցուցակների հետ կապված Դ.Իոնիսյանը նշեց, որ Հայաստանը ֆեդերատիվ պետություն չէ, և որևէ հարց չի քննարկվում, որ տարբեր մարզերի ներկայացուցիչներ տարբեր կարծիքներ ունենան: Ըստ նրա՝ ռեյտինգային ցուցակները կհանգեցնեն նրան, որ գյուղապետին քվեարկելու համար պետք է ձայն տան նրա կուսակցությանը: «Մեծամասնական ընտրակարգի բոլոր մինուսները այստեղ կան»,- ասաց Դ.Իոնիսյանը: