«Երգի ժանրը խորը դեպրեսիայի մեջ է». Երվանդ Երզնկյան
Այսօր Հայաստանի կոմպոզիտորների միությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր գործիչ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը և Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, անդրադարձ կատարվեց նաև հայկական ժամանակակից երգարվեստի խնդիրներին: Դրանցից մեկը, որ հարուցել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի զայրույթը՝ վերաբերում է հեղինակային իրավունքների խախտմանը.
«Բոլորդ էլ նկատած կլինեք այն տխուր իրողությունը, որ հիմա նկարահանվող տեսահոլովակներում շատ հաճախ չի գրվում կոմպոզիտորի անունը, չի ասվում, թե ո՞վ է ստեղծել այդ երգը, փոխարենը՝ հիշատակվում է միայն երգչի անունը, իսկ կոմպոզիտորի՞նը, իսկ բանաստեղծի՞ անունը, ինչո՞ւ չի գրվում: Հեռուստատեսությամբ մի այդպիսի տեսահոլովակ նայելուց հետո ես զանգ տվեցի երգչուհուն և ասացի՝ Դո՞ւք եք այս երգի երաժշտության հեղինակը, ասաց՝ ո՛չ, ասում եմ՝ իսկ ինչո՞ւ չեք գրում հեղինակի անունը, որ տվյալ պարագայում ես էի»,- մտահոգություն հնչեցրեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
168.am-ի նկատառմանը, թե արդյո՞ք սա իրավական դաշտում, համապատասխան օրենքի առկայության դեպքում լուծվելիք խնդիր չէ, Կոմպոզիտորների միության նախագահը պարզաբանեց. «Խնդիրն այստեղ ի հայտ է գալիս այն պահից, երբ սկսում է հոնարարի բաշխման ժամանակը, որտեղ հանդես են գալիս մի անվան տակ, իսկ խնդիրը գլոբալ առումով, այո՛, իրավաբանական լուծման տարբերակներ է պահանջում»:
Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ այսօր ստեղծվող լավագույն երգերից շատերն ընդամենը մեկ եթերի կյանք են ունենում: Սա ևս, ըստ Արամ Սաթյանի՝ օրախնդիր մտահոգություններից մեկն էր, որ հնչեց այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում. «Ցավոք սրտի, կան երգեր, որոնք թե´ հեղինակների, թե´ հենց կատարման տեսանկյունից, մասսայականացման հնարավորություն չեն ունենում: Դրանք հիմնականում լավ և որակով երգերն են՝ դուրս մնացած մասսաների ուշադրությունից, որովհետև նյութական միջոցների սղության պատճառով՝ տեսահոլովակ ունենալու ճակատագրին չեն արժանանում: Մեր հեռուստատեսությամբ, գիտեք, որ առավել մեծ հետաքրքրություն ու մասսայականություն են վայելում հատկապես հենց տեսահոլովակները՝ երկրորդ պլան մղելով երգի որակը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, ներկայացրեց իր տեսլականը. «Ժամանակին կար նորմալ երգի ժանր: Ցավոք սրտի, վաղուց վրա է հասել երաժշտական ճգնաժամ, որի արդյունքում արդեն կարող ենք վստահաբար ասել, որ երգի ժանրը խորը դեպրեսիայի մեջ է: Բայց չէ՞ որ կային և հիմա էլ ստեղծվում են լավ երգեր: Մենք՝ մասնագետներս, այդ մասին հստակ գիտենք, և այն, որ կան փայլուն ու լավ երաժիշտներ, դա ևս անհերքելի փաստ է: Եվ այն իրողությունը, որ տեսահոլովակ չունենալու պատճառով դրանք զրկվում են հանրությանը հասնելու հնարավորությունից, ապա այստեղ ևս՝ ցանկության պարագայում, ելք կա. ես առաջարկում եմ մեր հեռուստաընկերություններին՝ մեծ տեղ հատկացնել հատկապես համերգային ծրագրերի հեռարձակմանը: Սա նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհի համար: Այդքան մեծ թվով տեսահոլովակների կողքին կարելի է և պետք է ժամանակ տրամադրել համերգային ծրագրերին, որոնցից շատերի ընթացքում ներկայացվում և հնչում են ժամանակակից լավագույն կատարումներ, որոնք այս կամ այն տարբերակով ուշադրությունից դուրս էին մնացել»:
Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ հայտարարել են Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված Էստրադային/հայրենասիրական երգի 2016 թ. մրցույթ: Այն կանցկացվի «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրի ներքո, որի նպատակն է՝ աջակցել, խրախուսել և նպաստել հայ պրոֆեսիոնալ երգարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը: Այս մասին հայտարարվեց այսօր Հայաստանի Կոմպոզիտորների միությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ հստակեցվեցին մրցույթի անցկացման և մասնակցության բոլոր մանրամասները: