«Նման քայլի Ռուսաստանը գնում է՝ տարածաշրջանի խաղացողների հետ փոխադարձ համաձայնություններ ձեռք բերելով»
Արևելագետ Հայկ Քոչարյանի կարծիքով՝ Սիրիայից Ռուսաստանի զորքերի հիմնական մասի դուրսբերումով, մեծ հաշվով, շատ բան չի փոխվում. «Ունենք հայտարարություն, որը տրամադրություններ է փոխում ամբողջ տարածաշրջանում և աշխարհով մեկ, և տարբեր մակարդակներում կարելի է դա դիտել: Առաջին մակարդակում՝ ռուսական հասարակությանն ուղղված մեսիջ էր, որ կա տիրակալ, որը որոշեց, արեց, պատժեց և հիմա դուրս է բերում զորքը, մյուս կողմից՝ որ սա արդեն ֆինանսապես շատ ծանր բեռ չի լինի պետությանը, և կարելի է հանգիստ ներռուսական լսարանին ասել, որ պատերազմ էլ չենք ունենալու: Տարածաշրջանի մակարդակով՝ բոլոր ներգրավված ուժերին բացատրեց, որ Ռուսաստանը չի գնում, դեռ այստեղ է, պարզապես ներգրավման տեմպերն է թուլացնում:
Մյուս կողմից՝ Պուտինի կողմից ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պահպանելու, չլարելու միտում: Սիրիական իշխանություններին սա մեսիջ էր, որ՝ փորձեք լինել ավելի ճկուն, բանակցեք, եկեք համաձայնության, բայց այդ ամբողջը միասին վերցրած, չեն թողնում ռուսական լծակները՝ ազդելու կոնֆլիկտի վրա»:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ մինչ ռուսական կողմի միջամտությունը սիրիական ընդդիմությունն առաջընթաց էր արձանագրում, իսկ ավիահարվածներից հետո իրադրությունը փոխվեց.
«ՌԴ նախագահի հայտարարությունը, որ ՊՆ-ի առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարված է, որոշակի ճշմարտություն պարունակում է, որովհետև, մեծ հաշվով, այդ առաջխաղացումը կասեցվեց, ճնշվեցին այդ օջախները, և ապահովվեց սիրիական վարչակարգի թիկունքը: Բայց այստեղ, թերևս, հարցեր կան՝ կապված նրա հետ, որ ահաբեկչությունը դեռևս արմատախիլ արված չէ Սիրիայում, ու դեռևս տարածքներ կան, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ: Իմ խորին համոզմամբ, թեկուզ ռուսական նման ծավալի ռազմուժի ներգրավվածությանը՝ հնարավոր չէր դա արմատախիլ անել, առավել ևս, որ նրանք ավելի շատ կենտրոնացած էին օդային հարվածների վրա, իսկ ցամաքում իրողությունն այլ էր: Այս սպառնալիքն արմատախիլ անելու համար ցամաքային գործողություններ են պետք՝ զուգորդված ավիահարվածներով»:
168.am-ի հարցին՝ կարծիքներ կան, որ ռուսական ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան և Սաուդյան Արաբիան էլ ավելի կակտիվանան Սիրիայում, բանախոսներն ի՞նչ կասեն այս մասով, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Ես նույնպես մտավախություն ունեմ, որ նրանք կակտիվանան հատկապես այն հատվածներում, որոնք որ ավելի մոտ են Թուրքիայի հետ սահմանին: Մենք գիտենք նաև, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի որոշ ինքնաթիռներ իրականացնում էին օդային հարվածներ, այսինքն՝ այս հատվածում նման ակտիվություն հնարավոր է, որ լինի: Բայց չմոռանանք, որ Ռուսաստանը հայտարարեց՝ հակաօդային պաշտպանության համակարգերը մնում են, օդը, ցամաքը, ջուրը պետք է վերահսկվեն, զինադադարի պայմանները՝ նույնպես, այնպես որ, այստեղ այդ ակտիվությունը հիմնականում արտահայտված կլինի՝ ինչպես նախկինում էր՝ տեղում ընդդիմադիր որոշ խմբավորումների աջակցելով, բայց ոչ՝ ցամաքային կոնկրետ գործողություններով»:
Հարցի պատասխանը շարունակելով՝ Հայկ Քոչարյանը նշեց, որ նման քայլի Ռուսաստանը գնում է՝ տարածաշրջանի խաղացողների հետ փոխադարձ համաձայնություններ ձեռք բերելով, և ըստ նրա՝ այնպես չէ, որ ռուսական կողմը մի օր որոշեց դուրս գալ. «Սա բոլորի հետ համաձայնեցված քայլ էր»: