Արթուր Սաքունցը ցիտեց Մանվել Գրիգորյանին
ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի դրույթը, որի համաձայն՝ միջազգային դիտորդներին հրավիրում են իշխանական մարմինները, շատ կասկածելի է: Այս մասին այսօր նախագծի քննարկման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրա կարծիքով՝ սա ուղղված է այն դիտորդական խմբերի դեմ, որոնք անաչառ դիտորդություն են իրականացնում, զեկույցներ գմրում: «Մյուս դիտորդական կազմակերպությունների կողմից գրված զեկույցների ես չեմ հանդիպել: Սա շատ լուրջ խնդիր է»,- ասաց Ավետիք Իշխանյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ, եթե խոսքը վերաբերում է տեղական դիտորդական առաքելություններին, ապա հրավերի մասին խոսք չկա: Աշխատանքային մի տարբերակում վրիպակ է եղել, բայց պաշտոնապես ներկայացված նախագծում նման բան չկա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ խոստովանում է՝ բավական դժվար է այս իրավիճակում զսպել էմոցիաները, բայց նաև գիտակցում է՝ էմոցիաներն ամենավատ ընկերն են նման իրավիճակում. «Անհրաժեշտ եմ համարում ցիտել դասականին. դասական, որը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որ «չաքուջն» էլ է ձեր ձեռքը, մեխն էլ՝ ձեր ձեռքը, ոնց ուզեք՝ այնպես էլ կխփեք: Դա ասվել է կառավարող կուսակցության ղեկավար մարմնում և չի հերքվել: Այս գործընթացը, որը կոչվում է Ընտրական օրենսգրքի ձևավորում, տեղի է ունենում այդ պայմաններում»: Նա նշեց, որ փորձը ցույց է տալիս՝ ընտրատեղասերում ընտրակեղծիքների դեմն առնողը լրագրողներն ու դիտորդներն են.
«Բուն մեխը լրագրողներն ու դիտորդներն են: Ուրիշ խնդիրներ չունենք՝ ոչ ընտրակաշառք ունենք, ոչ քաղաքացիներին ուղղորդված բերման ենթարկել, ոչ ճնշումներ, ոչ ընտրական արդյունքների կեղծիքներ: Ուրիշ խնդիր չունենք: Միակ խնդիրները դիտորդներն են, այդ դիտորդները համը հանում են: Այդպես է ստացվում»: