«Իմ անձնական տեսանկյունից՝ ԼՂՀ հարցն ավելի խորությամբ է քննարկվել…». Գառնիկ Իսագուլյանը՝ ՀՀ-ՌԴ նախագահների հանդիպման մասին

«Չեմ կարծում, որ նման բարձր մակարդակներում կայացած հանդիպումների քննարկման ամբողջական թեմատիկան երբևէ տրվում է ամբողջությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ արձագանքելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ՌԴ նախագահների երեկ կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ հիմնահարցին առանձնակի անդրադարձ չեղավ:

Նշենք, որ հանդիպման մասին հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ԼՂՀ հիմնահարցին առնչվող տեղեկատվությունը սահմանափակվում է նրանով, որ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն աջակցելու համար և վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ մենք պետք է ի գիտություն ընդունենք ինֆորմացիան այնքանով, որքանով այն ներկայացվում է պաշտոնական մակարդակով. «Իմ անձնական տեսանկյունից՝ հարցն ավելի խորությամբ է քննարկվել, և Հայաստանի դիրքորոշումն ամենաբարձր մակարդակներում բազմիցս արտահայտվել է այս հարցի կապակցությամբ, ու վստահ եմ, որ այն որևէ փոփոխության չի ենթարկվել»:

Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև ասել էր՝ Հայաստանն ամբողջովին աջակցում է Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է սա իրենից ենթադրում, հնարավո՞ր է՝ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանն էլ ներգրավվի դրա մեջ, Գ. Իսագուլյանը նախ՝ պատասխանեց, որ չի կարծում, թե ռուս-թուրքական պատերազմ առնվազն մոտակա տարիներին հնարավոր է. «Ուր մնաց թե՝ դրանում Հայաստանի ներգրավումը`չբացառելով, որ Թուրքիայի շուրջ ընթացող գործընթացների արդյունքում Թուրքիան կարող է արտաքին ու ներքին քաղաքական անկանխատեսելի զարգացումների արդյունքում տրոհվել: Սիրիական հարցում ՀՀ նախագահի արտահայտած մտքին լիարժեքորեն կոմնակից եմ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ և առաջին հերթին՝ հայկական համայնքի առկայությունը Սիրիայում և այդ նույն համայնքի դիրքորոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս