«Հայաստանն ամբողջովին աջակցում է Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը». Սերժ Սարգսյան

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Հանդիպման ժամանակ այլ հարցերից բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտահայտվել է Սիրիական ճգնաժամի վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունը և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հավատարմությունը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ Ղարաբաղյան հիմահարցի լուծմանն աջակցելու համար և վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը հայ­ռուսական հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերություն:

«Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Իհարկե, կան նաև օբյեկտիվ խնդիրներ»,-հայտարարել է Պուտինը:

Նա հավելել է, որ երկու երկրների միջև գնալով խորանում է տնտեսական համագործակցությունը:

«Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք մենք կառուցել մեր հարաբերությունների բազան: Հիմնվելով անցյալում մեր համատեղ որոշումների վրա` ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք կխորացնենք համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-­ում:

«Ակնկալում եմ, որ կհաջողվի ձեզ հետ խոսել` որպես միջազգային այդ կազմակերպության նախագահողի, որովհետև հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության դեմ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, որպեսզի մեր սահմաններին ամեն ինչ հանգիստ լինի»,­ ասել է նա:

Նա նաև ՌԴ նախագահին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս