«Հաջողված այցելություն էր». ԼՂՀ նախագահի խոսնակը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

«Հանդիպումը գնահատում եմ բավարար, որովհետև կարևոր հանդիպում է եղել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին՝ ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ԼՂՀ հիմնահարցին առնչվող շատ փոքր անդրադարձ կար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել էր Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ԼՂՀ հարցին առանձնակի անդրադարձ չեղավ, Դ. Բաբայանը պատասխանեց, թե միայն այն, որ այդ մասին հնչեցվել է, նույնպես շատ կարևոր է, որովհետև հիմնական շեշտը դրվել է խաղաղ կարգավորման վրա:

«Նշվել է, որ ՌԴ-ն նույնպես կողմնակից է խաղաղ կարգավորմանը, կայունության և խաղաղության պահպանմանը, սա նույնպես մեսիջ է, ու կարևոր գաղափարներ են, որի վրա մենք պետք է հիմնականում կենտրոնանանք: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ հաջողված այցելություն էր, մանավանդ, որ Հայաստանի օրերն են այնտեղ կազմակերպվում, և այլն, այսինքն՝ բավականին բազմաբովանդակ գործընթաց է ընթանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաև ասել է, որ Հայաստանն ամբողջովին աջակցում է Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է սա իրենից ենթադրում, Դ. Բաբայանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա: «Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սիրիայում այդ ահաբեկիչներից տուժում է նաև հայ ազգաբնաչությունը, ու բնական է՝ Հայաստանը չի կարող անմասն մնալ կամ պասիվ դիրք ընդունել: Իսկ թե ինչպիսի՞ աջակցություն է լինելու, ցույց կտա ժամանակը»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը ներգրավվի ինչ-որ ակտիվ ռազմական գործողություններում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Դեռևս վաղ է դրա մասին խոսելը, բայց այն, որ մենք ունենք այնտեղ կենսական շահեր, դա էլ է միանշանակ, որովհետև ունենք մեծ հայկական համայնք, բնակավայրեր ու չենք կարող անտարբեր մնալ սիրիահայության ճակատագրին»:

Տեսանյութեր

Լրահոս