Վարդան Այվազյանը համոզված է՝ Իրանը Ռուսաստանից ավելի թանկ գնով գազ կտա Հայաստանին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Իրանի և Հայաստանի համագործակցության հնարավորությունների մասին՝ նշեց, որ Հայաստանի շանսերն իսկապես ռեալ են, և ըստ նրա՝ հնարավորություններ միշտ էլ ունենք.

«Աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի պես երկրի մուտքը լրջագույն փոփոխություն է: Պետք է ասեմ, որ Իրանի նավթային պաշարները երկու անգամ գերազանցում են ՌԴ-ի նավթային պաշարները: Իրանը պետք է ձգտի էներգետիկ ռեսուրսները հանել միջազգային շուկա: Սիրիայում էլ պատահական չեն այս թոհուբոհերը:

Իրանն արդեն իսկ հայտ է ներկայացրել, և Վրաստանը ձգտում է օգտվել իրանական գազից: Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը և Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազն իրա ոտքով չի գնում և երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալ, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք ունենք կապ Վրաստանի հետ և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, և մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան»:

Հարցին, թե այդ գազամուղի նկատմամբ արդյո՞ք Հայաստանը լիազորություններ ունի, Վարդան Այվազյանը պատասխանեց, թե ՀՀ-ում գտնվող ցանկացած ապրանք և որևէ բան, անկախ սեփականության ձևից, Հայաստանինն է:

Կարդացեք նաև

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նկատեց՝ Վրաստանում կառավարման տարբեր ուղղություններով մոտեցումները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում. «Սրանք իմ բառերը չեն, ձեր բառերն են: Ուրեմն՝ կառավարման արդյունավետությունը պետք է բարձրացնել: Ոչ թե խեղճուկրակ նայենք՝ Ռուսաստանն ինչ է անում, ինչ չի անում: Այսօր մենք ունենք հարևան՝ Իրանը, ինչո՞ւ մենք չենք մտնում բանակցությունների մեջ, մենք մտածում ենք՝ միայն հանրապետականը շեֆ լինի՞: Բաժանվել եք, մի հարյուր հոգով ուտում-խմում, ապրում եք, մնացած ամբողջ ազգին թողել եք մի կողմ ու համարում եք սրան՝ յուրային, նրան՝ թշնամի: Միացեք մի հատ, ոչ թե բոլորդ նստած մտածում եք՝ տորթին մոտ լինեք»:

Վերադառնալով տնտեսական թեմային և խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին` Վարդան Այվազյանն ընդգծեց, որ պետք է հասկանանք` ինչ կարող ենք տեղափոխել այդ երկաթգծով և ինչ ուղղությամբ:

Նա նաև հավելեց, որ Իրանը Ռուսաստանից ավելի թանկ գազ կտա Հայաստանին. «Մի քանի անգամ եղել է խոսակցություն, հայտարարել ենք՝ 160 դոլարով Իրանը գազ առաջարկո՞ւմ է Հայաստանին»:

Բոստանջյանը հակադարձեց. «Եթե քո ժողովրդի վրա նստացնում ես 400 դոլարով, ի՞նչ տարբերություն՝ 160 է՞, թե՞ 120»:

Այվազյանը նշեց, Իրանն ու Վրաստանը համաձայնության են եկել գազի հարցում. «Իրանը գազը պետք է բերի կամ Հայաստանով, կամ Ադրբեջանով: Հայաստան-Վրաստան գազամուղը կա, մենք ունենք կապ և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ: Եթե մենք կարողացանք բանակցել ու իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել Վրաստան, բնականաբար, կշահենք: Բայց բանակցությունների մասին չի կարելի ամպագոռգոռ հայտարարություններ անել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս