Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը. Դեսպան
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը պատրաստակամ է բոլոր միջոցներով աջակցել կանանց իրավունքների պաշտպանությանն ու հիմնախնդիրների լուծմանը: Այդ մասին դեսպանատանը մարտի 9-ին բացված Art+X ձևաչափով չորրորդ միջոցառմանը նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Դեսպան Մաթիաս Քիսլերը: Միջոցառումը, որի շրջանակներում տեղի ունեցավ երևանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի՝ kանանց թեմային նվիրված ցուցահանդեսի բացումը, այս անգամ նվիրված է կանանց իրավունքների պաշտպանության և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության թեմային:
Դեսպան Մաթիաս Քիսլերը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ կանանց իրավունքների վիճակը խնդիրներ է հարուցում ողջ աշխարհում, և դեռ շատ բան կա անելու այդ ուղղությամբ: Նա ընդգծեց, որ նույնիսկ Արևմտյան Գերմանիայում դեռևս մինչև 1970-ականները կանանց մի շարք իրավունքներ սահմանափակված էին: «Հայաստանում այդ առումով այժմ խառը խճանկար է: Եթե վկայակոչենք մամուլի հրապարակումները, կանայք Հայաստանում 35%-ով պակաս են վարձատրվում կատարված աշխատանքի դիմաց, այդ ցուցանիշով Հայաստանը 105-րդն է 145 երկրի շարքում»,- նշեց դեսպանը: Մաթիաս Քիսլերի դի տարկմամբ՝ Գերմանիայի հետ համեմատած Հայաստանում կանայք բավարար չափով ներկայացված չեն նաև քաղաքական ու հասարակական դաշտում:
Հայաստանում կանանց հիմնախնդիրների ու մասնավորապես կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հարցերի մասին ելույթ ունեցավ նաև Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների հարցերով խորհրդի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը: Նա մասնավորապես անդրադարձավ այդ ուղղությամբ կանանց իրավունքների պաշտպանության դաշտում գործող հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքներին, որոնց արդյունքում 2013 թ. ընդունվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման» մասին Հ Հ օրենքը: Աստղիկ Միրզախանյանը նշեց նաև Խորհրդի գործուն աջակցությամբ ձեռք բերված հաջողության օրինակներ, մասնավորապես՝ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի ոլորտում: